Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակ են հղել ԵԽԽՎ-ին


Արխիվ -- Մարտի 1-ի զոհերի հարազատները, Ալլա Հովհաննիսյանը` աջ կողմում
Արխիվ -- Մարտի 1-ի զոհերի հարազատները, Ալլա Հովհաննիսյանը` աջ կողմում
2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները մտահոգված են, որ մարտի 1-ը չբացահայտած պաշտոնյաները ավելի բարձր պաշտոններ են ստանում: Այս առիթով զոհերի ծնողները իրենց մտահոգությունները հայտնել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ջոն Պրեսկոտին ուղղված բողոք-նամակում: Նամակը նրանք արդեն հանձնել են Վեհաժողովի երեւանյան գրասենյակ:

Զոհվածների հարազատներին, մասնավորապես, զայրացրել է Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ի փոխնախագահ Սամվել Նիկոյանի` ԱԺ-ի նախագահի պաշտոնում նշանակման մասին կանխատեսումները, ինչպես նաեւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նշանակումը ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի պաշտոնում:

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ նամակ-բողոքը կոնկրետ նշանակումների վրա չի դնում շեշտը, այլ ընդհանուր գործընթացի, որն իրականում, նրա կարծիքով, 3.5 տարվա ընթացքում առաջընթաց չի ապրել:

«Վահագն Հարությունյանը, որը ոչինչ չէր արել 3.5 տարվա մեջ սպանությունները բացահայտելու համար, պետք է ոչ թե պաշտոն ստանար, այլ պաշտոնից զրկվեր: Նիկոյանը նույնպես: Այսինքն այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի հետ գործ են ունենում, նրանք արագ պաշտոն են ստանում, բայց իրականում ոչինչ չի արվում», - ասաց Հովհաննիսյանը:

Մարտի 1-ի զոհերի հարազատները ձեւական են համարում նաեւ եվրոպական ատյաններում տված Հայաստանի իշխանությունների խոստումներն ու վստահեցումները, թե արդար դատաքննություն պետք է անցկացվի, մեղավորներն էլ պետք է բացահայտվեն եւ պատժվեն: Նրանք կարծիքով, խոստումներից ոչ մեկը չի իրականացել:

«Այն, որ ԵԽԽՎ-ն բանաձեւ էր ընդունել, որ պարտադիր պետք է հաշվետու միջանկյալ զեկույց լինի մինչեւ տարվա վերջ, անգամ եթե սպանությունները չբացահայտվեն, դա նույնպես հօդս ցնդեց, որովհետեւ նոր քննիչը ասաց, որ գործերին նոր եմ ծանոթանում: Բացառված է, որ նա կարողանա զեկույց ներկայացնել: Եվրոպական պաշտոնյաներին էլ ձեռնտու է լսել իշխանությունների սուտ բացատրությունները, որովհետեւ ես արդեն համոզված եմ, որ հնարավոր չէ, որ նրանք չզգան, որ սրանք միայն բառեր են, որ ոչ մի աշխատանք չի կատարվում: Արդյունքում այն, որ Սերժ Սարգսյանը խոսք տվեց գարնանը, որ պետք է նոր թափ հաղորդել սպանությունների բացահայտմանը, որին ես ընդհանրապես չէի էլ հավատում, ապացուցեց, որ դրանք միայն թղթի վրա գրված, Եվրոպայի համար հատուկ մեկնաբանություններ են, որոնց շնորհիվ ԵԽԽՎ-ն մարտի 1-ի էջը փակելու մասին բանաձեւ ընդունեց, որը նույնպես անընդունել էր զոհվածների ծնողների համար: Արդեն ժամանակն է, որ նախագահը տեր կանգնի իր խոսքին», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե այս պարագայում ի՞նչ են ակնկալում զոհվածների հարազատները ԵԽԽՎ-ից, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք ակնկալիքներ չունենք, ուղղակի մենք մեր նամակում դիմել ենք, որ դուք տեր կանգնեք, վերջապես հետեւողական եղեք այդ սպանությունների բացահայտման նկատմամբ: Եթե դուք ստանձնել եք ԵԽԽՎ-ում այդ պաշտոնները, ուրեմն դուք պետք է կարողանաք ձեր պաշտոնին, ձեր պարտավորություններին տեր լինել: Եթե ոչ, ուրեմն մարտի 1-ի սպանությունները նաեւ ձեր վրա են ընկնում»:

please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG