Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավարը բարձր պաշտոն ստացավ ոստիկանությունում


Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի պաշտոնում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նշանակման առնչությամբ ոստիկանությունը հիմնավորում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր կադրային քաղաքականությունն իրականացնելիս կաշկանդված չէ:

«Աշխատակիցներին ընտրելիս հիմնական չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե այս պաշտոնը նախկինում զբաղեցրած Կարեն Կարապետյանը արդյո՞ք բավարար պրոֆեսիոնալիզմ չուներ, որ ուղարկվեց կադրերի ռեզերվ, Ահարոնյանը պատասխանեց, որ կադրերի ռեզերվ ուղարկվելը դեռ չի նշանակում, որ այդ անձինք համակարգից դուրս են գալիս:

«Հենց կադրերի ռեզերվ անվանումը հուշում է, որ նրանք ռեզերվում են եւ հարկ եղած դեպքում նշանակվում են համապատասխան մեկ այլ պաշտոնի: Ոստիկանության պետը գտնում է, որ կադրային քաղաքականության մեջ ռոտացիոն սկզբունքը շատ կարեւոր է», - ասաց Ահարոնյանը:

Ոստիկանությունը ձեռնպահ է մեկնաբանել, թե արդյո՞ք այս պաշտոնում Վահագն Հարությունյանի նշանակումը կապ ունի նախկինում Մարտի 1-ի քննչական խումբը ղեկավարելու նրա գործունեության հետ:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, նախկինում հատկապես կարեւոր գործերի քննիչ Վաղինակ Ջանազյանին, ապա նա 2007 թվականից աշխատում է Հատուկ Քննչական ծառայությունում: Այս տարվա սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ջանազյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով` «հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ջանազյանն ասաց, որ ինքը եղել է քննչական խմբում եւ այժմ ուսումնասիրում է նյութերը:

«Ես այդ քրեական գործում ընդգրկված եմ եղել քննչական խմբի կազմում, հիմա ընդունել եմ վարույթ, ծանոթանում եմ քրեական գործին: Գործի մանրամասների մասին այս փուլում որեւէ բան չեմ կարող հայտնել, պետք է ծանոթանամ այն դրվագներին, որոնց ծանոթ չեմ», - ասաց Ջանազյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին պնդումներին, քննչական խմբի նոր ղեկավարը պատասխանեց, թե դրանք լոկ մամուլի հրապարակումներ են:

«Ես քննիչ եմ, իրավաբան եմ: Քրեական գործը ստացել եմ, քննությունը կկատարենք, երբ որ որոշումներ կայացվեն, դրանց մասին պատշաճ կարգով ում հարկն է, կտեղեկացվի», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում ընդունված 1837 բանաձեւում Վեհաժողովը, իր մտահոգությունը արտահայտելով «2008-ի մարտիմեկյան իրադարձություններում 10 հոգու մահվան հանգամանքների հետաքննության գործընթացում արդյունքների բացակայության առնչությամբ», միաժամանակ ամրագրել էր, որ «10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները պետք է լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում», եւ նախաքննական մարմինը պետք է «հանրությանը հասանելի վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011-ի վերջը»:

Հարցին, թե արդյո՞ք ինչ որ փաստաթուղթ նախապատրաստվում է, Ջանազյանը պատասխանեց, որ կատարված աշխատանքները մամուլի բազմաթիվ ասուլիսներում արդեն իսկ ներկայացվել են:

«Քրեական դատավարության օրենսգրքում ես չգիտեմ նման ամփոփ փաստաթուղթ բացի դատավարական որոշումներից: Ճիշտն ասած, այս պահին ուրիշ բան չեմ կարող ասել», - նշեց Ջանազյանը:

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին
Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ծառայողական առաջխաղացմամբ բարձր գնահատվեց մարտի 1-ի չբացահայտումը:

«Փաստ է, որ մարտի 1-ի չբացահայտումը իշխանությունների համար շատ էական է եղել: Նախկինում սարքված գործերը կամ բազմաթիվ փաստերի կոծումը բարձր են գնահատվում իշխանությունների կողմից, եւ այդպիսի մարդիկ այսօր էլ ունեն պահանջարկ: Ես կարծում եմ, որ եթե Վահագն Հարությունյանը ունենար հաջողություն եւ որոշակի բացահայտումներ, իրեն ոչ թե կպարգեւատրեին, այլ անպայման կպատժեին», - ասաց Քոչարյանը` հավելելով. - «Այդ նշանակումը ցույց տվեց, որ իշխանությունների համար նույնիսկ մարտի 1-ի բացահայտման հավաստիացման անհրաժեշտություն այլեւս գոյություն չունի»:

«Այսպիսի մեկ նշանակումը ի չիք է դարձնում այն խոստումները, թե ոստիկանական համակարգում տեղի են ունենալու լրջագույն բարեփոխումներ: Կարծում եմ, հակառակը, սա բացասական հետեւանքներ կունենա ոստիկանական համակարգի համար», - ամփոփեց Քոչարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG