Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները դեռեւս վաղ են համարում նախընտրական դաշինքների մասին խոսելը


Նախընտրական հնարավոր դաշինքներին նվիրված քննարկման մասնակիցները:
Նախընտրական հնարավոր դաշինքներին նվիրված քննարկման մասնակիցները:
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանի կարծիքով, նախընտրական հնարավոր դաշինքների մասին գնահատականներն ու դատողություններն այսօր միայն գուշակությունների ոլորտից են:

«Նախընտրական եւ հետընտրական հնարավոր դաշինքներ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Ավագյանը մասնավորեցրեց. - «Որովհետու կոնկրետ ժամանակահատվածի եւ կոնկրետ գործընթացների արդյունքում է դա պարզ դառնում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչով կբացատրի իրողությունը, որ ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ կոալիցիոն համագործակցության հնարավոր դադարի մասին լուրերի շուրջ ժամանակ առ ժամանակ քաղաքական կրքեր են թեժանում, ինչի կապակցությամբ հիշյալ կուսակցությունների ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս լրացուցիչ պարզաբանումներով, Կարեն Ավագյանը պատասխանեց, թե նման խմորումների ետեւում «կանգնած են որոշակի ուժեր` որոշակի նպատակներով». - «Կոալիցիայի դեմ որոշակի, կարելի է ասել, նախընտրական քարոզարշավ է սկսվել»:

Հիշեցնենք, «կոտրած տաշտակի» մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունը եռանդուն քննարկումների տեղիք էր տվել` գնահատվելով մասնավորապես ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» հակասությունների համատեքստում:

Վարչապետը այս կապակցութամբ հանդես է եկել լրացուցիչ պարզաբանումներով` նշելով, թե կոալիցիայի շրջանակներում մշտապես առաջնորդվել են «համերաշխության ապահովման սկզբունքով եւ ամեն ինչ արել են, որպեսզի այդ համագործակցությունը կայանա»։

Նույն հարցը, news.am կայքին տված հարցազրույցում, այսօր մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ», - ասել է Գագիկ Ծառուկյանն ու հավելել. - «Կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը վաղուց արդեն կարողանում են տարանջատել իրական գործընթացները հնարովի ակցիաներից եւ նման «նախաձեռնություններն» իրենց նպատակին հասնել այլեւս չեն կարող մեր երկրում»:

Այսօրվա քննարկմանը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արտյուշ Շահբազյանը ասաց, թե վատ է, որ ընդդիմադիր ուժերը առաջիկա ընտրություններին գնում են «կոտորակված» այն դեպքում, երբ իշխանական կոալիցիոն ուժերը` միասնաբար:

«Եթե անգամ «Բարգավաճ Հայաստանը»-ը գնա որպես առանձին ուժ, ապա սա չի կարելի նկատել որպես քաղաքական, այսպես ասած, նոր բեւեռների ձեւավորում: Ըստ էության, սա արդյունքում կդառնա ներիշխանական վերադասավորում:», - ասաց նա` պնդելով, թե «դրանից երկիրը չի շահի» եւ տագնապելով, թե Հայաստանում մեծ թափով ընթանում է «հանրապետականացման» գործընթաց, ինչը հանգեցնում է իշխանության գերկենտրոնացման` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

«Խորհրդային երկիրը, քաղաքագետների բնորոշմամբ, անվանվում էր պարտոկրատիա` կուսակցապետություն: Խորհրդային Միությունը եւ դրա շրջանակում նաեւ Հայաստանը այնքան կուսակցապետություն չէր, որքան այսօրվա Հայաստանը: Այսօրվա Հայաստանը… «հանրապետականացված է». - հայտարարեց պատգամավորը:

ՀՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը անմիջապես արձագանքեց. - «Եթե Դաշնակցությունը կոալիցիայի մեջ էր, դա գերկենտրոնացում չէր, եթե հիմա [երբ] դուրս է, գերկենտրոնացո՞ւմ է… Իհարկե ոչ»:

Շահբազյանը, մինչդեռ, պնդեց, որ անգամ լինելով կոալիցիայի մեջ, իրենք երբեք չեն դադարել ինքնուրույն ուժ լինելուց ու շատ հարցերում հակադրվել են կառավարությանը:

Թեեւ դաշնակցական պատգամավորը ափսոսում է ընդդիմադիր դաշտի տարանջատվածության կապակցությամբ, այդուհանդերձ, գրեթե վստահ է, որ առնվազն ՀԱԿ-ի հետ դաշինք իրենք չեն կազմելու. - «Չեմ ուզում ասել 100 տոկոսով, բայց` 99 տոկոսով [չենք կազմելու]»:

«ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, այսօր դաշինքների մասին խոսելն իմաստ չունի: Հարկ է մտածել միայն նորմալ ընտրություններ կազմակերպելու մասին: Առավել եւս, որ մինչեւ այժմ կազմավորված դաշինքները երբեւէ գաղափարական-քաղաքական հարցերի շուրջ չեն եղել, այլ` բացառապես «իշխանության եւ պետական հարստության վերաբաշխման»:

«Եթե մենք իսկապես մտածենք պետության մասին, ապա առաջին հերթին նորմալ ընտրություններ կանցկացնենք` անկախ նրանից, թե ինչ դաշինքներ կլինեն կամ չեն լինի: Դրա արդյունքում հենց կունենանք այն նորմալ իրավիճակը, որ երկու ընտրություն հետո Հայաստանում կլինեն ընդամենը մի քանի կուսակցություն, որոնք եւ իսկապես քաղաքական պայքարն առաջ կտանեն», - հավելեց Մարտիրոսյանը:

Հավանական նախընտրական դաշինք կազմելու հնարավորության մասին հարցին Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց. - «Հիմա այդ մասին խոսելն անիմաստ եւ ժամանակավրեպ ենք համարում»:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG