Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի հետ չհամագործակցողները «կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, 26 հոկտեմբեր, 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, 26 հոկտեմբեր, 2011
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կատարվում կոալիցիայի ներսում, հայտարարեց` այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Հանրապետական կուսակացության հետ, կշահեն, ովքեր չեն համագործակցի, «կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»:

«Հանրապետականը այն կուսակցությունն է, որի շուրջ այսօր համախմբվել են կոալիցիոն գործընկերները, որը առանցքն է քաղաքական դաշտի, եւ այդ իր դիրքը Հանրապետական կուսակցությունը ոչ միայն պահպանելու, այլ նաեւ զարգացնելու է: Հուշագիրը, որ ստորագրեցինք փետրվարին մեր կոալիցիոն գործընկերների հետ, այդ սկզբունքը հստակ ֆիքսել է: Մենք համախմբված ենք հանրապետության նախագահի շուրջ: Մենք մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Հանրապետական կուսակցությունն է այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական ֆորմատը, նոր քաղաքական դաշտ: Այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն, կշահեն դրանից, որոնք, որ չեն համագործակցի, դա իրենց գործն է», - հայտարարեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Հանրապետականն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է Հայաստանում. - «Եվ նա ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլ ուժեղացնելու իր դիրքրեը: Դրա համար կարծում եմ, որ այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին, մեր հանրությանը: Ինչպես հանրապետության նախագահն էր նշում` մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված եմ, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ Պարույր Հայրիկյանը կարող են հայտնվել Հանրապետականի նախընտրական ցուցակում, եւ այն հարցին, թե ի՞նչ կտան այդ անձինք կուսակցությանը, Տիգրան Սարգսյանն ասաց, թե ինքը նույնպես կարող է թվարկել եւս տասնյակ հայտնի քաղաքական գործիչների անուններ, որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել Հանրապետականի հետ:

«Ես նշեցի, որ մեր թիմի ղեկավարը` Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը համախմբող կուսակցություն է, եւ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում, մենք նույնպես պատրաստակամ ենք այդ գործում», - ասաց վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք լուսանցքում հայտնված քաղաքական գործիչները կբարձրացնեն Հանրապետականի վարկանիշը, Տիգրան Սարգսյանն ասաց. - «Դուք չէ, որ պետք է գնահատականներ տաք` ով է լուսանցքի այն կամ այս կողմում: Հանրությունն է տալիս այդ գնահատականը` ընտրությունների միջոցով: Եվ մենք էլ, երբ ձեւավորում ենք մեր ցուցակը, հաշվի ենք առնում, թե հանրության վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ ինչպիսին է: Իսկ այն ազգանունները, որոնք դուք հնչեցրեցիք, քաղաքական գործիչներ են, որոնք ունեն փորձ, հեղինակություն, որոնք անցել են մեծ ճանապարհ», - ասաց վարչապետը:

Ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցապատկան հողերը վերադարձնելու օրենքի նախագծին:

«Այնքանով, որքանով Մայր Աթոռը պատրաստ կլինի ընդունել այդ գույքը, այնքանով պետությունը փուլ առ փուլ պետք է այն վերադարձնի Սուրբ Էջմիածնին: Այստեղ որեւէ արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի: Համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու, որովհետեւ հաշվարկները. որ կատարել է տարածքային կառավարման նախարարությունը, ցույց է տալիս, որ այն վճարները, որոնք իրականացվում են այդ տարածքների վարձակալության համար, չնչին գումարներ են կազմում», - ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ եկեղեցուն վերադարձվող գույքի ցանկը հաստատվելու է կառավարության կողմից` օրենքն ընդունվելուց հետո: - «Օրենքում ֆիքսված է, որ լինելու են այնպիսի առարկաներ, որոնք ծառայելու են միայն իրենց հոգեւոր ծառայության մատուցմանը: Այլ օբյեկտներ չեն լինելու», - հավաստիացրեց վարչապետը:

please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG