Մատչելիության հղումներ

Վարչապետը պարզաբանում է «կոտրված տաշտակի» մասին հայտարարությունը


Տիգրան Սարգսյանի խոսքով, այն ուղղված էր «դեստրուկտիվ էլեմենտներին», ովքեր մտադիր են «ցնցումների տանել երկիրը»։

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կատարվում իշխող քաղաքական կոալիցիայի ներսում, մասնավորապես, հայտարարել էր` այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Հանրապետական կուսակցության հետ, կշահեն, ովքեր չեն համագործակցի, «կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»։

«Իմ այդ հայտարարության կոնտեքստը արդեն հասկանալի էր ու հայտնի էր, որովհետեւ ես մեջբերեցի հանրապետության նախագահի հայտնի հայտարարությունը այն մասին, որ մենք ուզում ենք ընդդիմության հետ կառուցել համագործակցության կամուրջներ», - կիրակի օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ թե ո՞ր քաղաքական ուժերին է ուղղել իր հայտնի հայտարարությունը ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, - «Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք մեզ սպասում են ապագայում, թելադրում են, որ այդ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է, այդ թվում նաեւ ընդդիմության հետ։ Եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ էլեմենտներ եւ դեստրուկտիվ մոտեցումներ, ապա արձանագրում ենք, որ եթե այդ մարդիկ մտադիր են ինչ-ինչ ցնցումների տանել մեր երկիրը, ապա նրանք հայտնվելու են կոտրված տաշտակի առջեւ, որովհետեւ մենք ունենք կարողություններ, ունենք հնարավորություններ թույլ չտալու հանրապետությունում ցնցումներ»։

Չորեքշաբթի օրը վարչապետի այդ խոսքերից հետո լրատվամիջոցներում հնչեցին մեկնաբանություններ, թե Տիգրան Սարգսյանի խոսքը նախեւառաջ ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Սրան ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, թե վարչապետի խոսքը «ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում»։ Անանյանը նաեւ ասել էր․ - «ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»:

Տիգրան Սարգսյանն այսօր եւս անդրադարձավ այդ մեկնաբանություններին եւ կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությանը` նշելով․ - «Այդ տեսակետից մենք մշտապես առաջնորդվել ենք համերաշխության ապահովման սկզբունքով եւ ամեն ինչ արել ենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա»։

Հիշեցնելով, որ Հանրապետական կուսակցությունը 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո կարող էր նաեւ միայնակ կառավարություն ձեւավորել, վարչապետը փաստեց․ - «Մեր hանրապետության նախագահը, հավատարիմ մնալով իր կողմից առաջ քաշված սկզբունքներին, նախապատվությունը մշտապես տալիս է համագործակցությանը, այդ սկզբունքի հիման վրա էլ ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն»։
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG