Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ադրբեջանին խորհուրդ է տալիս ձերբազատվել պատրանքներից


Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում, Լոնդոն, 13-ը հուլիսի, 2011թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում, Լոնդոն, 13-ը հուլիսի, 2011թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Ադրբեջանի ղեկավարները իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջեւ, կարելի է ասել` ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են, չորեքշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ` ուղղակի անհնար է», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում ունեցած ծավալուն ելույթում հակադարձելով ղարաբաղյան գերծընթացի վերաբերյալ պաշտոնական Բաքվի վերջին հայտարարություններին:

«Ասել, որ 2004 թվականին հայտնվեց «պրահյան գործընթացը», եւ չասել, թե ինչու այն հայտնվեց: Իսկ այն հայտնվեց, քանի որ նախորդ` փարիզյան գործընթացը, որն եզրափակվել էր քիվեսթյան փաստաթղթով, վերջին պահին մերժվեց, փաստորեն, տապալվեց Ադրբեջանի կողմից: Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թվականի նոյեմբերին, կազմված էին միայն մի քանի պարբերությունից եւ կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թվականին Մադրիդում ներկայացված փաստաթուղթը` կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպես եւ տասնչորս կետից է բաղկացած 2011 թվականի հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաեւ, որ 2007 թվականի նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էր, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում», - ընդգծել է Նալբանդյանը:

2007 թվականի նոյեմբերից մինչեւ 2011 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում, ըստ նրա, ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ. - «Դրանցից ոչ մեկին` առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել` այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է` չես ընդունում»:

«Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թվականի հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թվականի հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում` առնվազն տասը փոփոխություն 2011 թվականի մարտին` Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թվականի դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թվականի հունիսին Կազանում», - մանրամասնել է Հայաստանի արտգործնախարարը:

«Շեշտում են, թե 2009 թվականի դեկտեմբերյան տարբերակը ներկայացված էր երեք համանախագահների կողմից, եւ ձեւացնել, որ բոլոր հաջորդ տարբերակները ներկայացվել են միայն մեկ համանախագահի կողմից: Առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Դժվար է բառեր գտնել` բնութագրելու, թե ինչպես է դա կոչվում: Կարելի է հիշեցնել, որ համանախագահները, ինչպես նաեւ համանախագահ երկրների ղեկավարները լիակատար աջակցություն են հայտնել եւ հայտնում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ջանքերին: Բավական է ընթերցել դովիլյան հայտարարությունը», - ասել է Նալբանդյանը` հավելելով. - «Իմիջիայլոց, դովիլյան հայտարարության մասին: Ինչի՞ մասին է խոսվում: Առաջին հերթին, ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով»:

«Դովիլյան հայտարարության եւս մեկ կարեւոր դրույթ: Այն հասցեագրված է հակամարտության բոլոր կողմերին, եւ դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

«Լավ է, որ Բաքուն ուշադրություն դարձրեց դովիլյան հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի` ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: Իհարկե, նաեւ հենց այդ պատճառով է, որ Եզրափակիչ ակտի ընդունումից հետո շուրջ երեսուն նոր պետություն է ստեղծվել, եւ հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ», - ասել է Նալբանդյանը եւ շարունակել. - «Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա: Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս, եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է»:

«Իհարկե, կարեւոր է նաեւ, որ դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքն է` որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Նա ընդգծել է, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ «դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թվականի մայիսին Պրահայում, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ նշանակում է status quo plus, այսինքն` այն ամենը, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, գումարած` այդ կարգավիճակի միջազգային ճանաչում»:

«Ադրբեջանի ղեկավարության կողմից մադրիդյան սկզբունքների մեկնաբանության մեջ ոչ ոք կարիք չի տեսնում: Սկզբունքներն ու տարրերը ներկայացված եւ մեկնաբանված են համանախագահ պետությունների ղեկավարների կողմից: Նույն սկզբունքների, նույն տարրերի վրա են հղում անում եռանախագահող երկրների ղեկավարները 2009 թվականի հունիսին, 2010 հուլիսին, 2011 մայիսին լ’Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում արված հայտարարություններում: Այդ պատճառով առնվազն ինքնախաբեություն է պնդել, որ 2010-2011 թվականներին եռանախագահների կողմից արվել են առաջարկություններ, որոնք փոխում էին բանակցությունների էությունը եւ հիմնարար սկզբունքները», - ասել է Նալբանդյանը:

Մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ դա «ադրբեջանական հին երգի հին կրկներգ է». - «Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին»:

Նրա համոզմամբ, Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն է` ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից եւ փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:

«Որքան շուտ Ադրբեջանը ձերբազատվի իր պատրանքներից, որ նավթային եկամուտներից ստացված գումարները կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի օգտին հակամարտության կարգավորման գործում, որքան շուտ Ադրբեջանը դադարեցնի նավթային դոլարների օգտագործումը նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար, այնքան ավելի տեսանելի կլինի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը», - իր ելույթը ամփոփել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են նաեւ, որ ելույթին ներկա էին քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ եւ Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG