Մատչելիության հղումներ

Մադրիդյան սկզբունքների` Ադրբեջանի համար ընդունելի տարբերակը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ, Բաքու, 12-ը հուլիսի, 2011թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ, Բաքու, 12-ը հուլիսի, 2011թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի կառավարության չորեքշաբթի օրվա նիստում մանրամասնել է Մադրիդյան «նորացված» սկզբունքները, որոնք, ըստ նրա, 2009 թվականի վերջին ներկայացրել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ որոնց հավանություն չէր տվել Հայաստանը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ալիեւը, մասնավորապես, ասել է. - «Նախ եւ առաջ, այնտեղ նախատեսվում էր Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում զավթված տարածքներից: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի անհապաղ դուրսբերում հինգ շրջաններից, հինգ տարի անց` երկու շրջաններից, եւ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաեւ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում: Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի գործառնությունը նույնպես կար այդ սկզբունքներում: Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ էր տարածաշրջան մտցնել խաղաղարար ուժեր: Նաեւ պետք է ապահովվեր օկուպացիայից տուժած բոլոր անձանց վերադարձը իրենց բնակության երբեմնի վայրերը»:

«Սրանք էին, եթե համառոտ լինենք, տվյալ սկզբունքները: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի պարամետրերը նույնպես այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին: Ես կարծում եմ, որ այդ տարբերակը կարող է ընդունվել: Իհարկե, դրանք հիմնարար սկզբունքներն են», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Դա 2009 թվականի վերջին էր: 2010 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Սոչի, որտեղ կայացավ եռակողմ հանդիպում: Այդ հանդիպմանը Ադրբեջանը միանշանակ հայտարարեց, որ ընդունում է նորացված Մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը չընդունեց այդ սկզբունքները, ինչից հետո, կարելի է ասել, բանակցություններում որոշակի լճացում առաջացավ, քանի որ հերթական հանդիպումը կայացավ վեց ամիս անց` 2010 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում», - ասել է Ալիեւը:

Դրանից հետո, ըստ Ադրբեջանի նախագահի, «սկսեցին առաջ քաշվել նոր առաջարկներ»: «Երբեմն այդ առաջարկները փոխում էին վերջին յոթ տարվա ընթացքում մեր վարած բանակցությունների էությունը եւ հիմնական սկզբունքները», - վստահեցրել է Ալիեւը եւ հավելել. - «Այդ իսկ պատճառով, մենք այժմ բախվում ենք նոր իրավիճակի»:

Իր բավական ծավալուն ելույթում Ալիեւը ոչ մի խոսք չի ասել Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար հետագայում անցկացվելիք հանրաքվեի մասին, այնինչ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում դա հստակ նշված է: Թե՛ 2009 թվականին Իտալիայում եւ թե՛ 2010 թվականին Կանադայում անցկացված Մեծ ութնյակի հանդիպումներում Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի ընդունած համատեղ հայտարարություններում այդ առնչությամբ ասված է. - «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG