Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանում են տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, արխիվային լուսանկար
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, արխիվային լուսանկար
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը սկսում են այցը տարածաշրջան:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` միջնորդները այսօր ժամանելու են Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների հետ ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննարկելուց հետո Մամեդյարովը հուլիսի 17-ին մեկնելու է Մոսկվա՝ Ռուսաստանի իշխանություններին հանդիպելու:

Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն Երեւան կժամանեն հուլիսի 18-ին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նրանք հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանին ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ակնկալվում է, որ միջնորդները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին չհաջողվեց կազանյան եռակողմ հանդիպմանը համաձայնություն ձեռք բերել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրավոր ձեւակերպեց կարգավորման իր առաջարկները եւ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով անցած շաբաթավերջին դրանք ներկայացրեց պաշտոնական Երեւանին ու Բաքվին: Այժմ Մոսկվան սպասում է կողմերի պատասխանին:

Պաշտոնական Բաքուն նախօրեին պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «ճանապարհային քարտեզի» մշակման շուրջ աշխատանքը պատրաստ են սկսել «թեկուզ հենց այսօր», քանի որ, ըստ Մամեդյարովի, որոշ առաջընթաց արձանագրվել է:

«Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ կազանյան հանդիպումը հաջողությամբ չպսակվեց, բայց ես դրան համաձայն չեմ: Ես առավելապես հակված եմ նախագահների հայտարարության մեջ տեղ գտած տեսակետին, որ մերձեցում կա. Կազանը մեզ առաջ շարժվելու հնարավորություն ընձեռել է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ կոչ արել սկսել աշխատանքները խաղաղ պայմանագրի մշակման շուրջ` «առանց սպասելու հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների հաջորդ փուլին»:

Միջազգային փորձագետները, այդուհանդերձ, առաջիկա ամիսներին կարգավորման գործընթացում առաջընթաց չեն ակնկալում:

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ղարաբաղում ստատուս քվոն կպահպանվի:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հայտարարում է, որ հիմնարար սկզբունքներն ընդունելու հնարավորություններ կան մինչեւ այս տարվա վերջ: Քանի որ դրանից հետո Հայաստանում ու համանախագահող երկրներում նախընտրական փուլ է սկսվում, այժմ վերջին փորձերն են արվում` Սերգեյ Լավրովն այցելեց տարածաշրջան, հիմա էլ համանախագահներն են գալիս», - նշել է Ֆրեյզերը` հավելելով. - «Բայց կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել առայժմ չի հաջողվի, առաջիկա տարիներին դա ավելի դժվար է լինելու` հաշվի առնելով Հայաստանում, Ադրբեջանում եւ համանախագահող երկրներում նախանշված ընտրությունները»:

«Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ստատուս քվոն կպահպանվի, որքան էլ Ադրբեջանին դա դուր չի գալիս», - ամփոփել է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG