Մատչելիության հղումներ

Բնապահպանները ահազանգում են Սոտքում ոսկու հանքանյութը մանրացնող սարքի տեղադրման մասին


Սոտքի ոսկու հանքերը
Սոտքի ոսկու հանքերը
Հայ բնապահպանները մտահոգված են Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման սարքի տեղադրման աշխատանքների մեկնարկի պատճառով:

Տեղադրման աշխատանքները սկսվեն փետրվարի 15-ին: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը եւ «Էկոլուր» տեղեկատվական հասարակության նախագահ Ինգա Զարաֆյանն ասում են, որ Սոտքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն այդ աշխատանքները սկսել է առանց նախագծի, փորձաքննական եզրակացության, համայնքապետի` հողի հատկացման թույլտվության, շինարարական թույլտվության եւ հողի կատեգորիայի փոփոխման:

«Որեւէ փաստաթուղթ չկա, բոլորի ներկայությամբ տնօրենը, գլխավոր ինժեները, շինարարության պատասխանատուն եւ մի քանիսը եւս ասացին, որ շինարարությունը սկսված է փետրվարի 15-ին, իսկ նախագիծը պատրաստ կլինի մարտի 25-ից հետո», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հակոբ Սանասարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ԳեոՊրոՄայինինգ գոլդ» ընկերության հեռանկարային զարգացման տնօրեն Աշոտ Ասլանյանը կտրականապես հերքեց այդ տեղեկությունը եւ մեղադրանքները:

«Մենք օրենքով [նախատեսված] բոլոր փաստաթղթերը ունենք Սոտքի հանքը շահագործելու համար, դա իրականությանը չի համապատասխանում, մենք նախագիծը ունենք եւ նախագծով ենք աշխատում», - ասաց Ասլանյանը:

Դեռ անցյալ տարի Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում պարզել էր, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ապօրինի շահագործել է Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը: Ստուգումներով պարզվել էր նաեւ, որ ընկերությունը պետբյուջե չի վճարել ընդերքի ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրված տարածքի օրենքով սահմանված վճարները: Ընկերությունը նույն օրը հերքել էր այդ մեղադրանքները:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով` ընկերությունը հանքից 12 միլիոն տոննա հանքաքար պետք է հանի, յուրաքանչյուր տոննայում ոսկու պարունակությունը 4.5 գրամ է, իսկ թափոնները պետք է լինեն 240-250 միլիոն տոննա: Ըստ Սանասարյանի` ընկերությունը գումար չի մուծում նույնիսկ թափոնների համար:

Ընկերության ներկայացուցիչը այս մեղադրանքը եւս հերքեց:

«Ես շփվեցի ստուգողների հետ, նրանք մեր բնագավառից բացարձակապես գաղափար չունեին, բայց եթե չեմ սխալվում, մեզ մեղադրում են, թե իբր 2004-2008 թվականներին 24 միլիոն դրամ հարկ չենք վճարել: Մենք ամեն ամիս մի քանի տասնյակ միլիոն դրամ հարկ ենք վճարում: Տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ», - ասաց Ասլանյանը:

Ասլանյանը կատարվածը ընկերության դեմ իրականացվող պատվիրված արշավ է որակում:

«Մեզ մոտ հստակ տպավորություն կա, որ մեր ընկերության դեմ ինչ-որ մարդիկ պատվեր են կատարում», - ասաց Ասլանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG