Մատչելիության հղումներ

Բաքվի նավթային ակադեմիայում ահաբեկչության գործով 3 մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման


Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում ահաբեկչության համար մեղադրվող երեք անձինք այսօր դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Ծանր հանցագործությունների գործերով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Նադիր Ալիեւին, Ջավիդան Ամիրովին եւ Նաջաֆ Սուլեյմանովին, իսկ Արիզ Գաբուլովը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման պատժաչափեր պահանջել էր դատախազը:

Հիշյալ անձինք մեղադրվում են ահաբեկչության, կանխամտածված սպանության նախապատրաստման, առանձնապես ծանր հանգամանքներում կատարված սպանության, մաքսանենգության, զենքի, թմրադեղերի եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման եւ այլ հանցագործությունների մեջ:

2009 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել էր Նավթային ակադեմիայի շենք եւ անկանոն կրակ բացել ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ. զոհվել է 12 մարդ, վիրավորել 13-ը, անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո ինքնասպան է եղել նաեւ ինքը` 29-ամյա Գադիրովը։

Գադիրովի մահվան կապակցությամբ նրա նկատմամբ քրեական գործը փակվել է:

Ադրբեջանի դատախազությունը պնդում է, թե ադրբեջանցիների զանգվածային սպանությունները պատվիրել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի Մարտուն Ղումաշյանը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ, սակայն, կասկածի տակ են առնում դատախազության այս վարկածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG