Մատչելիության հղումներ

Լրացավ Ադրբեջանի նավթային ակադեմիայում իրականացված ահաբեկչության մեկ տարին


Ադրբեջանի նավթային ակադեմիան 2009-ի ապրիլի 30-ին
Ադրբեջանի նավթային ակադեմիան 2009-ի ապրիլի 30-ին
Ապրիլի 30-ին լրանում է Ադրբեջանի նավթային ակադեմիայում իրականացված ահաբեկչության մեկ տարին: Մեկ տարի առաջ այս օրը Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժեց ակադեմիայի շենք եւ, բարձրանալով առաջինից մինչեւ վեցերորդ հարկի աստիճաններով, անկանոն կրակ բացեց ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ. զոհվեց 12 մարդ, վիրավորեց 13-ը, անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո ինքնասպան եղավ նաեւ ինքը` 29-ամյա Գադիրովը։

Դատախազությունն արդեն ավարտել է գործի քննությունն ու պնդում է, թե ադրբեջանցիների զանգվածային սպանությունները պատվիրել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի Մարտուն Ղումաշյանը։

Քննության նյութերով, մասնավորապես, Ղումաշյանը ծնվել եւ այժմ էլ բնակվում է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Շուլավեր գյուղում, հացթուխ է, սեփական փուռ ունի, որից ստացած եկամուտով էլ հոգում է երեք անչափահաս որդիների ապրուստը։

Ադրբեջանցի իրավապահների վարկածով` Ղումաշյանը Գադիրովի հետ ծանոթացել է ահաբեկչությունից մեկ տարի առաջ, գտել նրա թույլ կողմերը` մարդկանց նկատմամբ ատելությունը, աշխարհից վրեժխնդիր լինելու մոլուցքը, ինչպես նաեւ արագորեն հարստանալու ցանկությունը, եւ 50 հազար դոլար է առաջարկել` ադրբեջանցիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու դիմաց։ 5 հազարը, ըստ Ադրբեջանի դատախազության, Ղումաշյանը վճարել է տեղում, հենց այդ գումարով էլ մարդասպանը գնել է զենք-զինամթերքը ու կազմակերպել հանցագործությունը, որին եւս 4 ադրբեջանցիներ են մասնակցել Վրաստանից. վերջիններիս նկատմամբ դատական գործընթացը սկսվել է շուրջ 10 օր առաջ: Դատախազությունը խոստանում է պատասխանատվության ենթարկել նաեւ ահաբեկչության ենթադրյալ պատվիրատուին` Մարտուն Ղումաշյանին. նրա նկատմամբ այժմ միջազգային հետախուզում է հայտարարված։

Ադրբեջանցի մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ, սակայն, կասկածի տակ են առնում դատախազության այս վարկածը: «Մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ մութ են մնում», - գրում է «Զերկալո»-ի վերլուծաբանն ու ընդգծում. - «Մեղադրող կողմն այդպես էլ չի պարզաբանում` որն է եղել հացթուխ Ղումաշյանի կողմից 50 հազար դոլար վճարելու եւ զանգվածային սպանություններ պատվիրելու պատճառը, եւ ինչու մինչ օրս Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն հարցաքննել կասկածյալին, որը, ըստ գործի նյութերի, շարունակում է ապրել Վրաստանում. չէ որ դա հնարավոր էր իրագործել վրացի գործընկերների աջակցությամբ»։

Երկրի ընդդիմությունը եւս մի շարք հարցեր է բարձրացնում այս գործի առնչությամբ: Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության երիտասարդական թեւը պատրաստվում էր ուրբաթ օրը Բաքվի կենտրոնում ցույց անցկացնել` զոհված ուսանողների հիշատակին, սակայն միջոցառումից ժամեր առաջ իրավապահները ձերբակալել են կազմակերպության ղեկավարին` Թուրալ Աբասլիին։

«Իմ որդուն ձերբակալեցին հենց այդ միջոցառման պատճառով», - պնդում է երիտասարդ ակտիվիստի մայրն ու մանրամասնում. - «Քաղաքացիական հագուստով անձինք մոտեցան, ոլորեցին թեւերն ու տարան, երբ ես ասացի, թե դա ապօրինություն է, վիրավորեցին ինձ ու մի կողմ հրեցին»։

Բաքվի իշխանությունները չէին արտոնել ընդդիմադիրների նախատեսած բողոքի ակցիան։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության վկայությամբ` Նավթային ակադեմիայի ղեկավարությունը եւս ուսանողներին արգելել է ապրիլի 30-ին հիշատակի որեւէ միջոցառում անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG