Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներին թույլ չեն տալիս մտնել Ազատության հրապարակ


Հայաստան – Ոստիկանները Ազատության հրապարակում խոչընդոտում են ընդդիմադիրների բողոքի ակցիան, Երեւան, շաբաթ, 28-ը մայիսի, 2010թ
Հայաստան – Ոստիկանները Ազատության հրապարակում խոչընդոտում են ընդդիմադիրների բողոքի ակցիան, Երեւան, շաբաթ, 28-ը մայիսի, 2010թ

Երկուշաբթի երեկոյան Ազատության հրապարակից Ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մոտ 15 ակտիվիստներ ու երեք լրագրողներ:

Մինչ այդ 18։00-ին մոտ Հայ ազգային կոնգրեսի մոտ 20-25 ակտիվիստներ Մաշտոցի պողոտայի կողմից փորձեցին մուտք գործել Ազատության հրապարակ։ Ոստիկանները, ովքեր նախօրոք մի քանի խմբերով կանգնած էին հրապարակ տանող բոլոր մուտքերի մոտ, շղթա կազմելով` ուղղակի արգելեցին ընդդիմադիրների մուտքը հրապարակ` հրելով ու բռնությամբ մարդկանց հեռացնելով Ազատության հրապարակից։

Իրավապահները բռնությամբ ստիպեցին մարդկանց տեղափոխվել Սարյանի արձանի մոտ։ Այդ ընթացքում ՀԱԿ-ի ակտիվիստների թիվն ավելացավ` հասնելով մոտ հարյուրի։ Հենց Սարյանի արձանին հարող այգուց բերման ենթարկվեց երրորդ խումբը։

«Հերթական անգամ մենք ականատես դարձանք, որ սա ոստիկանական պետություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի ղեկավար ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն «Ազատություն» ռադիոկայանին այսպիսի բացատրություն ներկայացրեց. «Բայց ինչո՞ւ գան… Այստեղ ստորգետնյա կայանատեղի կա: Այսպես մարդկանց մեծ կուտակումներ չպիտի լինի.. Վաղը-մյուս օրը դառնալու է միտինգի վայր»:

Ժամը 21։30-ից 22։00 ընկած ժամանակահատվածում ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին բերման ենթարկվածների մեծ մասը։ 22։30-ին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե բաժանմունքում մնացել են ինքը ու ՀԱԿ-ի եւս երկու ակտիվիստ։

Օրվա ավարտին միջադեպի կապակացությամբ օմբուդսմենի գրասենյակը տարածեց մամլո հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. - «Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից»: Միեւնույն ժամանակ կոչ է արվում «Ոստիկանության մարմիններին հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով՝ զերծ մնալով անձի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից»։

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը երկուշաբթի օրը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ոստիկանների գործողությունները ուղեկցվել են ապօրինություններով դեռեւս կիրակի օրը, երբ իրենց թույլ չեն տվել մուտք գործել հրապարակ, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք քաշքշել են իրենց, ապա մեքենաներով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ոստիկանությունում Վլադիմիր Կարապետյանին տեղեկացրել են, որ նրան կասկածում են ապօրինի զանգվածային միջոցառմանը մասնակցելու մեջ։

«Կան բազմաթիվ նկարահանումներ, որ Ազատության հրապարակ մուտք գործելիս ինձ հետ եղել են 15-20 հոգի, այսինքն` զանգվածային միջոցառման մասին խոսք գնալ չի կարող», - նշեց ընդդիմադիր գործիչը։

Ընդդիմադիր ակտիվիստները ոստիկանությունում պահվել են մոտ 3 ժամ։

«Սա պարզապես մարդկանց ազատությունների վրա ոտնձգություն էր, որը միայն դատապարտելի է», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նախօրեին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել, քանի որ «Ազատության հրապարակում ժամը 20-ի սահմաններում նա քաղաքացիներին կոչեր է արել կազմակերպել եւ անցկացնել չարտոնված հրապարակային միջոցառում»։

Ինչ վերաբերում է բերման ենթարկված մյուս ընդդիմադիրներին, ապա, ոստիկանության փոխանցմամբ, նրանք հայհոյանքներ են տվել ոստիկանների հասցեին, «անպարկեշտ ձեւով ստորացրել նրանց պատիվն ու արժանապատվությունը»։ Բացի այդ, ժամը 20:30-ին անհայտ անձինք քաղաքացիներին կոչ են արել «կազմակերպել եւ անցկացնել չարտոնված հրապարակային միջոցառումներ, որից հետո ոստիկանության աշխատակիցները պահանջել են դադարեցնել հրապարակային միջոցառման կազմակերպումը»։ Նրանք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին ու ոստիկանները հարկադրված են եղել գործադրել «ոչ վտանգավոր բռնություն»։

Մինչ ոստիկանությունը նշված միջադեպերի առնչությամբ նյութեր է նախապատրաստում, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Կոնգրեսի մյուս ակտիվիստները Գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել կատարված հանցագործության մասին։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ «երեք օր շարունակ ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով անձինք խոչընդոտել են քաղաքացիների ազատ տեղաշարժը, թույլ չեն տվել իրականացնել ոչ զանգվածային միջոցառում եւ ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն»։

Այն բանից հետո, երբ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցման կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած Ազատության հրապարակը վերաբացվեց, ընդդիմադիրները արդեն երրորդ օրն է, ինչ փորձում են բողոքի ակցիաներ կազմակերպել այստեղ եւ հանդիպում են ոստիկանների դիմադրությանը։

Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին եւ նրան աջակցող երիտասարդները Ազատության հրապարակում նստացույց էին անցկացրել, ոստիկանները փորձել էին խոչընդոտել ակցիայի անցկացումը: Շաբաթ օրը, երբ Գասպարին փորձել էր նորից նստացույց անել հրապարակում, ոստիկանները նրան տարել էին ոստիկանություն եւ մի քանի ժամից բաց թողել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG