Մատչելիության հղումներ

Ոստիկանները փորձել են խոչընդոտել ընդդիմադիրների նստացույցը


Ուրբաթ օրը Ազատության հրապարակում`Հովհաննես Թումանյանի արձանի հարեւանությամբ ոստիկանները կոպիտ կերպով փորձեցին խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիի եւ նրան աջակցող մի խումբ ընդդիմադիր երիտասարդների նստացույցը:

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ոստիկանները բռնի ուժով, հրելով ու քաշքշելով փորձեցին հեռացրել բողոքի ակցիայի մասնակիցներին` պատճառաբանելով, որ նրանք «հասարակական կարգ են խախտում, եւ Ազատության հրապարակը նստացույցի վայր չէ»:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բռնի ուժով տարան դեպի Սարյանի արձանին հարող այգի, սակայն որոշ ժամանակ անց նստացույցի մասնակիցները վերադարձան եւ շարունակեցին իրենց բողոքի ակցիան: Նրանք կրում էին պաստառներ «Բողոք ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման», «Դադարեցնել խոշտանգումները բանակում, կալանավայրերում, քաղբանտարկյալների նկատմամբ» բովանդակությամբ:

«Մենք մեր ոտքով չենք լքի ազատությունը», - հայտարարեց Վարդգես Գասպարին:

Ազատության հրապարակում զբոսնող քաղաքացիներից ոմանք էլ դժգոհեցին, թե իրեն շփոթել են ակցիայի մասնակիցների հետ եւ բռնի ուժով հեռացրել հրապարակից:

«Սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եկել եմ Ազատության հրապարակ: Տոն է այսօր, եկել եմ քայլեմ: Չգիտեմ ինչու, թեւերս ընկան, տանում էին: Ես խնդրեցի ինձ բացատրել` ինչո՞ւ են տանում, ի՞նչ օրենք եմ խախտել: Ես պահանջեցի ինձ տան քարտեզ, որ ես իմանամ, թե քաղաքի որ հատվածում ես իրավունք ունեմ քայլելու, որում`ոչ», - վրդովված պատմեց մի քաղաքացի:

Այս պահին Վարդգես Գասպարիի եւ եւս 10 հոգու նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է:

«Ազատությունը մենք նվաճել ենք 88 թվին: Այլեւս երբեք չենք հանդուրժի, որ մեր ազատությունը տրորեն սապոգների տակ: Մենք հենց այստեղ` Ազատության հրապարակում էլ անելու ենք մեր բոլոր ակցիաները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդգես Գասպարին:

Ազատության հրապարակում նստացույցը արգելում են
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG