Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են տեսանյութ Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքներով


Մերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են չճանաչված հանրապետության անվտանգության նախարարության պատրաստած տեսանյութը, որում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս` ընդունելով իր համագործակցությունը Մոլդովայի հատուկ ծառայությունների հետ:

Մերձդնեստրի անվտանգության նախարար Վլադիմիր Անտյուֆեեւի վկայությամբ` լրատվամիջոցներով հայտարարարությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռելու խնդրանքով իր հետ անձնական հանդիպման ժամանակ դիմել է հենց լրագրողը:

Մերձդնեստրի հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը տեղադրված է նաեւ տեղական կայքէջերում, մասնավորապես` Dniester.ru-ում:

Լրագրողի` Հայաստանում բնակվող հարազատները, այդուհանդերձ, հիշեցնում են Էռնեստ Վարդանյանի անունից դեռ ապրիլին տարածված հայտարարությունը, համաձայն որի` նրան ենթարկում են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների եւ ստիպում ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: «Հանուն ընտանիքիս անվտանգության պատրաստ եմ ինձ մեղավոր ճանաչել ու նստել այնքան, որքան պետք կլինի իշխանություններին», - ասված էր, մասնավորապես, լրագրողի անունից LiveJournal կայքէջում տեղադրված հայտարարությունում:

«Կոչ ենք անում Ռուսաստանյան Դաշնության, բոլոր համաշխարհային տերությունների, աշխարհի իրավապաշտպան, փաստաբանական եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին` միջամտել Էռնեստ Վարդանյանի դեմ Մերձդնեստրի իշխանությունների սանձազերծած դատաստանին», - ասված է հայազգի լրագրողի հարազատների հայտարարությունում, որի հեղինակները Էռնեստ Վարդանյանի դեմ գործը որակում են քաղաքական պատվեր, իսկ իրեն լրագրողին` ինտրիգի զոհ:

«Մերձդնեստրի իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքի առջեւ կատարվում է հանցագործություն, որի մասին չեն կարող եւ չպետք է լռեն քաղաքական գործիչները եւ իրավապաշտպանները», - հայտարարում են Էռնեստ Վարդանյանի հարազատները:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրան Մերձդնեստրի իշխանությունները մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ:

Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:
XS
SM
MD
LG