Մատչելիության հղումներ

Մերձդնեստրում կալանավորված հայ լրագրողի հարազատները Հայաստանի նախագահից աջակցություն են հայցում


Էռնեստ Վարդանյան
Էռնեստ Վարդանյան

Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրում են միջամտել նրան ազատ արձակելու խնդրով։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, խնդրում ենք Ձեզ՝ որպես աշխարհասփյուռ հայերի իրավունքների ու շահերի երաշխավորի, դիմել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ հայրենասեր, արժապատիվ հայորդի, միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող, ընտանիքի երիտասարդ հայր Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու խնդրով», - ասված է հայ լրագրողի հարազատների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։

Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են Էռնեստ Վարդանյանին ապրիլի 7-ին` դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։

33-ամյա Վարդանյանը տարիներ շարունակ եղել է չճանաչված հանրապետությունում ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության թղթակիցը, անցած տարվանից, սակայն, սկսել է աշխատել մոլդովական «Պուլս» պարբերականի համար։

Անջատված հանրապետության իշխանությունները այս պահին լրագրողին ներկայացված մեղադրանքների եւ այն հիմնավորող փաստերի մասին որեւէ մանրամասն ու բացատրություն չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ եթե առաջադրված մեղադրանքը ապացուցվի, Վարդանյանը կարող է 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել։

Լրագրողի կալանավորման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Անկախ լրագրության կենտրոնը, Անկախ լրատվամիջոցների ընկերակցությունն ու մոլդովական լրատվական կազմակերպությունները՝ ընդգծելով, որ այս ձերբակալությունը կարող է «ճանապարհ հարթել Տիրասպոլի իշխանությունների համար՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու եւ բիրտ միջոցներով անհաճո տեղեկությունների տարածումը կանխելու համար»։
XS
SM
MD
LG