Մատչելիության հղումներ

Նոր պնդումներ Չարենցավանի ոստիկանությունում բռնությունների մասին


Խոշտանգում` Չարենցավանի ոստիկանությունում
please wait

No media source currently available

0:00 0:06:14 0:00
Ուղիղ հղում

Գյուլումյանի հարազատները պատմում են Չարենցավանի ոստիկանությունում բռնությունների մասին

Մինչ շարունակվում է Չարենցավանում կատարված գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների քննությունը՝ նույն գողության գործով բերման ենթարկված Դավիթ Գյուլումյանի հարազատները ահազանգում են ոստիկանության բաժանմունքում վերջինիս նկատմամբ բռնությունների մասին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նույն գործով կալանավորված Դավիթ Գյուլումյանի հարազատները, նույն օրը ոստիկանության բաժին են տարել նաեւ Դավիթին, ու թեեւ մոր՝ Արմիկ Ղարիբյանի պնդմամբ, ոստիկանությունում ասել են, թե իր որդին գողության գործի հետ կապ չունի, նրան 3 օր պահել են այնտեղ, ապա կալանավորել եւ տեղափոխել են Սովետաշենի կալանավայր։ Այստեղ Արմիկ Ղարիբյանը հնարավորություն է ստացել տեսակցել որդու հետ, որտեղ եւ Դավիթ Գյուլումյանը պատմել է, թե իրեն դաժան ծեծի են ենթարկել, որի արդյունքում ինքը «ինչ–որ բան է գրել»։

Դավիթի հորաքրոջ՝ Ալվարդ Գյուլումյանի փոխանցմամբ, մորը տեսակցելիս նա ասել է. – «Ինձ ահավոր ծեծի են ենթարկել, կամ պետք է մեռնեի՝ Վահանի նման, կամ պետք է գրեի, ուրիշ հնար չկար»։

Երիտասարդի մայրը եւ հորաքույրը պատմեցին, որ արդեն տարիներ շարունակ Չարենցավանի ոստիկանության բաժնի ղեկավար պաշտոնյաները ստիպում են Դավիթ Գյուլումյանին համագործակցել իրենց հետ ու տարբեր հանցագործությունների մասին տեղեկատվություն տրամադրել՝ ծեծի միջոցով երիտասարդին ստիպելով աշխատել իրենց համար։

Գողության գործով կալանավորված Գյուլումյանի ընտանիքի փոխանցմամբ, իրենք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Դավիթը ունի երկու անչափահաս երեխաներ, նրա խնամքի ներքո է նաեւ մահացած քրոջ երեխան։

Չնայած բռնությունների մասին հարազատների պնդումներին՝ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ապրիլի 15-ին անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գյուլումյանի մոտ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել», իսկ ինքը՝ Գյուլումյանը, ասել է, որ « իրեն որեւէ մեկը ծեծի չի ենթարկել»։
XS
SM
MD
LG