Մատչելիության հղումներ

Human Rights Watch կազմակերպությունը անհանգստություն է հայտնել Խալաֆյանի մահվան կապակցությամբ


Վահան Խալաֆյանի հարազատները հարցազրույց են տալիս «Ազատություն» ռադիոկայանին
Վահան Խալաֆյանի հարազատները հարցազրույց են տալիս «Ազատություն» ռադիոկայանին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում խորը անհանգստություն է հայտնել ոստիկանության Չարենցավանի բաժնում հարցաքննության կանչված 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ։

Իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրեն Հոլի Քարթները իր նամակում Աղվան Հովսեփյանին կոչ է անում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան իրականացնել մանրակրկիտ, անկախ եւ թափանցիկ հետաքննություն։

Վահան Խալաֆյան
Հեղինակավոր կազմակերպությունը նշում է, թե կասկածներ կան, որ մինչեւ մահանալը Վահան Խալաֆյանը կարող էր դաժան վերաբերմունքի ենթարկված լինել: Մասնավորապես, Հոլի Քարթները մատնանշում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը զրուցել է Չարենցավանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 2 այլ անձանց հետ, ովքեր պնդել են, թե գտնվելով հարեւան սենյակում, ձայներ են լսել, որոնք վկայել են այն մասին, որ Վահան Խալաֆյանը հարցաքննության ժամանակ դաժան վերաբերմունքի է ենթարկվում:

Բացի այդ, կազմակերպությունը նշում է, որ Խալաֆյանի մայրը տեղական մամուլին տված հարցազրույցում ասել է, որ որդու կրծքավանդակին կտրվածքներ են եղել, որովայնը 2 տեղից ծակված է եղել, իսկ մարմինը պատված է եղել կապտուկներով:

«Human Rights Watch-ը հնարավորություն չունի պարզել, թե ինչպես եւ որտեղ է Խալաֆյանն այդ վնասվածքները ստացել, սակայն որոշակի մտահոգություններ կան, որ Խալաֆյանը ոստիկանության բաժնում դաժան վերաբերմունքի է արժանացել», - Աղվան Հովսեփյանի ուղղված նամակում ընդգծում է Հոլի Քարթները:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ անհանգստություն է հայտնում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից մամուլում արված այն հայտարարությունների առնչությամբ, թե՝ երիտասարդը ոստիկանության բաժանմունքում բռնությունների չի ենթարկվել եւ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

«Մինչեւ Խալաֆյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների հրապարակումը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից արվող հայտարարությունները կարող են վտանգել հետաքննության անկողմնակալությունն ու անաչառությունը», - ասված է Human Rights Watch-ի նամակում:

Կազմակերպությունը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հորդորում է անկողմնակալ ու թափանացիկ հետաքննություն անցկացնել եւ ընդգծում է. - «Այդօրինակ հետաքննությունը չպետք է բացառի այն հնարավորությունը, որ Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժնում կարող էր դաժան վերաբերմունքի արժանացած լինել: Հետաքննությունը պետք է հնարավորություն ունենա բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել նրանց, ովքեր պատասխանատու են երիտասարդի մահվան համար, ինչպես պահանջում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը»։

Հոլի Քարթները նաեւ կոչ է անում Գլխավոր դատախազին հարգել մահացած երիտասարդի հարազատների իրավունքները եւ հնարավորություն տալ նրանց անմիջական մասնակցություն ունենալ տարվող հետաքննությանը։

Կազմակերպությունը շեշտում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվետու լինել ոստիկանությունում բաժնում տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան համար: «Եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն անկախ եւ մանրակրկիտ հետաքննություն եւ պատասխանատվության չենթարկեն մեղավորներին, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմանը», - նշում է Human Rights Watch-ը։

«Մենք նաեւ տեղյակ ենք, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրել 2007 թվականին ոստիկանության շենքում տեղի ունեցած Լեւոն Գուլյանի մահվան համար: Չափազանց կարեւոր է վերջ դնել անպատժելիության այս մթնոլորտին՝ մանրակրկիտ հետաքննության եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու միջոցով», - ասված է Գլխավոր դատախազին ուղղված Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրեն Հոլի Քարթների նամակում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, դատախազությունը Human Rights Watch-ի ապրիլի 21-ի նամակը դեռեւս չի ստացել։

Այդուհանդերձ, Սոնա Տռուզյանը մեկնաբանեց կազմակերպության հնչեցրած մտահոգությունները՝ ասելով. - «Ես այնքան էլ համակարծիք չեմ, այդ գնահատականի հետ, թե կա անպատժելիության մտնոլորտ, որովհետեւ երբ լինում են նման բողոք ահազանգեր Դատախազությունը ընթացք է տալիս բոլոր այդօրինակ հաղորդումներին եւ ապահովում է դրա բազամակողմանի քննությունը։ Կա այդ պատրաստակամությունը, հետեւողականությունը, որպեսզի տվյալ գործերով իրականացվի անկախ նախաքննություն»։

Սոնա Տռուզյանը նաեւ վստահեցրեց, որ Դատախազությունը, որպես նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, միջոցներ կձեռնարկի Խալաֆյանի գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու ուղղությամբ։

Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված է են Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը՝ պաշտոնական լիազորությունները անցնելու եւ Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով:
XS
SM
MD
LG