Նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով Հայաստան ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Հաստատված դեպքի մասին գերատեսչությունը հարկ է համարում հիշեցնել, որ «քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից»: Երկրորդ թեստավորված քաղաքացին, ըստ հաղորդագրության, եղել է Հայաստանից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:
Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել», - ասված է հաղորդագրությունում: