Լեռնային Ղարաբաղի բուժհիմնարկներում կորոնավիրուսային վարակի կասկածանքով երկու քաղաքացի մեկուսացվել են, նրանք ժամանել էին Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է նաև, որ հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:
Աղբյուրը նշում է, որ առայսօր Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել:
Միաժամանակ, Արցախ/Տեղեկատվական շտաբը դիմել է Հայաստանի տարածքում գտնվող արցախցիներին՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով ՀՀ պարետի մարտի 31-ի որոշմամբ սահմանված՝ Հայաստանի տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները, Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև այսօր ժամը 23.59-ը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:
Նշված սահմանափակումներից բացառություն են կազմում պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, «ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»: