Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հարվածում է սիրիական ավիաբազային, որը ենթադրաբար օգտագործվել է քիմիական գրոհի համար


Ժամեր առաջ Միացյալ Նահանգները տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավիաբազաներից մեկին` արձագանքելով այս շաբաթ ավելի վաղ այդ երկրում քիմիական զենքի գործադրմամբ հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել:

Սիրիական քաղաքացիական պատերազմի վեց տարիների ընթացքում սա ամերիկյան առաջին ուղիղ հարվածն է Ասադի ուժերին:

Սա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենանանշանակալից և հնարավոր հեռուն գնացող հետևանքներով քայլն է ռազմական բնագավառում, որը կարող է Ռուսաստանի կողմից հակազդեցության պատճառ դառնալ: Անմիջապես ամերիկյան հարվածից առաջ ռուսաստանյան դիվանագետները զգուշացրել էին, որ եթե Միացյալ Նահանգները ձեռնարկի նման «արկածախնդիր և ողբերգական քայլ», դրա «բացասական հետևանքների» ամբողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը:

Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերից ավելի քան 60 Tomahawk հրթիռներ են արձակվել Սիրիայի արևմուտքում գտնվող «Շայրաթ» ռազմաբազային: Ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ թիրախավովել են սիրիական ռազմական ինքնաթիռները, վառելիքի պահեստները և թռիչքագոտիները:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թիրախավորել է հենց այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենքով հարվածը հասցնելու նպատակով: Վերլուծաբանները կարծում են, որ հարձակման հետևանքով կարող էին զոհվել բազմաթիվ քաղաքացիականներ և անգամ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուս ռազմական պաշտոնյաներ:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել և մարդկության դեմ ուղղված վիրավորանք էր որակել շաբաթվա սկզբին Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումը, որ ենթադրաբար կատարվել է քիմիական զենքի գործադրմամբ:

«Սիրիայում անմեղ մարդկանց, այդ թվում կանանց, փոքր երեխաների ու անգամ հրաշք նորածինների դեմ իրականացված քիմիական հարձակումը, նրանց մահը վիրավորանք է մարդկությանը: Ասադի վարչակազմի այդ զազրելի գործողությունները չեն կարող հանդուրժվել: Երբ դու մահաբեր քիմիական զենքով սպանում ես անմեղ երեխաների ու նորածինների՝ անցնում ես շատ ու շատ կարմիր գծեր, երեխաների այդ տեսարանները շատ են ազդել ինձ վրա, և իմ վերաբերմունքը Սիրիայի և Ասադի նկատմամբ փոխվել է», - հայտարարել է Թրամփը:

Պաշտոնական Մոսկվան շարունակում է սատարել Ասադին՝ պնդելով, թե Սիրիայի կառավարական զինուժն ընդամենը հարվածել է խոշոր զինապահեստներից մեկին, որտեղ ահաբեկիչները քիմիական զենք են պահել:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը ևս բացառել է իրենց մեղսակցությունը կատարվածին:

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտցրին Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի վրա:

Վերջին տվյալներով, Իդլիբ նահանգում իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել է 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա:

XS
SM
MD
LG