Մատչելիության հղումներ

Իդլիբում հարձակման զոհերի թիվը շարունակում է աճել․ Արևմուտքը դատապարտում է


Սիրիա - Փրկարարը օգնություն է ցուցաբերում օդային հարձակումից հետո անշարժ գետնին պառկած երեխային, 4-ը ապրիլի, 2017թ․
Սիրիա - Փրկարարը օգնություն է ցուցաբերում օդային հարձակումից հետո անշարժ գետնին պառկած երեխային, 4-ը ապրիլի, 2017թ․

Սիրիական Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի՝ այդ թվում 20 երեխա և 17 կին: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ դեռևս կան անհետ կորած անձինք:

Հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում: Սիրիացի ակտիվիստները կասկածներ ունեն, որ սիրիական բանակի կամ ռուսական օդուժի կողմից հարձակման ժամանակ օգտագործվել է քիմիական զենք:

Այդ հարվածներից անմիջապես հետո մարդիկ գետնի վրա սկսել են խեղդվել: Ականատեսների վկայությամբ՝ շատերը մահացել են շնչառական խնդիրների պատճառով, տուժածների մի մասը անշարժ փռվել են գետնին, մյուսների բերաններից փրփուր է թափվել:

Ընդդիմադիր ակտիվիստները պնդում են, որ օդուժը հրթիռներ է արձակել նաև տեղի հիվանդանոցների ուղղությամբ, որտեղ օգնություն էր ցուցաբերվում տուժածներին:

Սիրիական զինուժը հայտարարում է, որ առնչություն չունի հնարավոր քիմիական հարձակման հետ, ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների խոշոր զինապահեստների վրա, որտեղ քիմիական զենք էր պահվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ քիմիական զինամթերքը ուղարկվել է Իրաք, ինչպես նաև անցած տարեվերջին զինված ընդդիմության կողմից օգտագործվել սիրիական Հալեպում:

Այսօր Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ են մտցրել Իդլիբում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա: Նախագծում մասնավորապես ասվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ապահովի միջազգային հետաքննության անցկացում, ինչպես նաև տրամադրի ավիաբազաների հասանելիություն, որտեղից գործել է հարձակումն իրականացրած օդուժը:

Հարձակումը դատապարտել են արևմտյան գրեթե բոլոր երկրները: Պաշտոնական Վաշինգտոնը մեղադրանքների սլաքն ուղղել է նաև Ռուսաստանի և Իրանի կողմը:

«Որպես հրադադարի ինքնահռչակ երաշխավորներ՝ Ռուսաստանն ու Իրանը բարոյական մեծ պատասխանատվություն են կրում այդ զոհերի համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պաշտոնական Մոսկվային ու Թեհրանին կոչ անելով օգտագործել իրենց ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ բացառելու նման ողբերգական միջադեպերը ապագայում:

Թիլերսոնի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե «ինչպես է գործում Ասադը՝ դաժան, անխիղճ, բարբարոսաբար»:

Սիրիական բանակին նախկինում էլ են մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Անցյալ օգոստոսին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող քննչական խումբը պարզել է, որ կառավարական զորքը առնվազն երկու անգամ թունավոր գազ է կիրառել: Սիրիայի իշխանությունները կտրականապես հերքում են արգելված նյութերի օգտագործումը:

Պաշտոնական Դամասկոսը, հիշեցնենք, համաձայնել էր ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG