Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Իմ վերաբերմունքը Սիրիայի և Ասադի նկատմամբ փոխվել է»


Սիրիա - Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա հարձակման հետևանքով տուժած երեխաներին բուժօգնություն է ցուցաբերվում, 4-ը ապրիլի, 2017թ․
Սիրիա - Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա հարձակման հետևանքով տուժած երեխաներին բուժօգնություն է ցուցաբերվում, 4-ը ապրիլի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել և մարդկության դեմ ուղղված վիրավորանք է որակել շաբաթվա սկզբին Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումը, որ ենթադրաբար կատարվել է քիմիական զենքի գործադրմամբ:

«Սիրիայում անմեղ մարդկանց, այդ թվում կանանց, փոքր երեխաների ու անգամ հրաշք նորածինների դեմ իրականացված քիմիական հարձակումը, նրանց մահը վիրավորանք է մարդկությանը: Ասադի վարչակազմի այդ զազրելի գործողությունները չեն կարող հանդուրժվել: Երբ դու մահաբեր քիմիական զենքով սպանում ես անմեղ երեխաների ու նորածինների՝ անցնում ես շատ ու շատ կարմիր գծեր, երեխաների այդ տեսարանները շատ են ազդել ինձ վրա, և իմ վերաբերմունքը Սիրիայի և Ասադի նկատմամբ փոխվել է», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի մասին որևէ խոսք չի ասել, ավելի վաղ, սակայն, փոխնախագահ Մայք Փենսն ու արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը հստակ քննադատել էին նաև Կրեմլին: «Որպես հրադադարի ինքնահռչակ երաշխավորներ՝ Ռուսաստանն ու Իրանը բարոյական մեծ պատասխանատվություն են կրում այդ զոհերի համար», - հայտարարել էր պետքարտուղարը, ընդգծելով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե «ինչպես է գործում Ասադը՝ դաժանաբար ու անպատկառ բարբարոսությամբ»:

«Որևէ կասկած չկա, որ այս սարսափազդու հարձակման համար պատասխանատու է Սիրիայի իշխանությունը՝ նախագահ Ասադի ղեկավարությամբ, և կարծում ենք՝ ժամանակն է, որ ռուսները քննության առնեն իրենց շարունակական աջակցությունը Ասադի վարչակազմին», - ասել է Թիլերսոնը:

Երեկ առավոտյան Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտցրին Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի վրա: Ընդ որում, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին հայտարարեց՝ Նահանգները պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել առանց Անվտանգության խորհրդի որոշմանը սպասելու:

«Եթե քայլեր չձեռնարկվեն, այսպիսի հարձակումները կշարունակվեն, Ասադը որևէ պատճառ չունի դրանք դադարեցնելու, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել նրա վարչակազմը: Էլի որքա՞ն երեխա պետք է մահանա, որ Ռուսաստանը վերջապես սկսի անհանգստանալ», - ասաց ամերիկացի բարձրատիճան դիվանագետը:

«Աղերսագին դիմում եմ գործընկերներիս՝ մարազնին քննել իրենց խոսքերը այս խորհրդում: Մենք շարունակաբար կրկնում ենք միևնույն պնդումները՝ աջակցություն հայտնելով խաղաղության գործընթացին, որը շարունակաբար ոտնահարվում է Ասադի վարչակազմի կողմից», - ընդգծեց Հեյլին:

Պաշտոնական Մոսկվան շարունակում է սատարել Ասադին՝ պնդելով, թե Սիրիայի կառավարական զինուժն ընդամենը հարվածել է խոշոր զինապահեստներից մեկին, որտեղ ահաբեկիչները քիմիական զենք են պահել:

«Տեղի ունեցածը շատ վտանգավոր և զարհուրելի հանցագործություն է, սակայն, մեր համոզմամբ, սխալ կլինի ժամանակից շուտ պիտակներ կպցնելը», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ողբերգությունից անմիջապես հետո որևէ մեկը մուտք չի ունեցել այդ շրջան, որևէ մեկը, և համապատասխանաբար ոչ ոք չէր կարող իրատեսական և ճշտված տեղեկություն ունենալ: Ըստ այդմ, ցանկացած տվյալ, որ կարող էր ունենալ ամերիկյան կողմը կամ այլ երկիր, չէր կարող հիմնված լինել օբյեկտիվ նյութերի ու վկայությունների վրա», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ պնդել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված բանաձևն իրենց համար ընդունելի չէ: «Դրա միակ նպատակն է կատարվածի ողջ պատասխանատվությունը դնել Ասադի վարչակազմի վրա և ավելացնել ճնշումը Դամասկոսի նկատմամբ. սա պետք է հիմնովին փոխվի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը ևս ժամեր առաջ բացառեց իրենց մեղսակցությունը կատարվածին, միաժամանակ ընդգծելով՝ Ասադի վարչակազմը երաշխիքներ է պահանջում, որ միջազգային հետաքննությունը կլինի անաչառ և չքաղաքականացված:

Վերջին տվյալներով, Իդլիբ նահանգում իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել է 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG