Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «զուսպ լավատեսության հիմք է տալիս»։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է կարծում Կրեմլը, կարե՞լ է ասել, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, Պեսկովը պատասխանել է. - «Իհարկե մեր արտգործնախարարն արդեն անհրաժեշտ գնահատականներ հնչեցրել է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ զուսպ լավատեսության համար հիմքեր կան, այն առումով, որ կայուն փուլն ավելի շարունակական կլինի»։
Հիշեցնենք, հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել էր. - «Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնելու և շարժվելու առաջ դեպի հակամարտության լիակատար կարգավորում։ Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: <...> Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։