Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրա կնոջ՝ Սանդրա Ռուլովսի, մոր և տատի գույքի վրա, այսօր հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ կալանքի տակ են վերցվել հողամասեր, Թբիլիսիում գտնվող տունը և Սաակաշվիլիի տատի հին մեքենան:
«Ցավոք, օրենքով մենք չենք կարող բողոքարկել այս որոշումը Վրաստանի դատարանում, այդ պատճառով կդիմենք Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան» , - ասել է փաստաբան Օտար Կախիձեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, քանի որ նա չէր ներկայացել դատախազություն հարցաքննության:
Սաակաշվիլիին հայրենիքում մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակման և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականության առգրավման հետ կապված քրեական գործի շրջանակներում: