Մատչելիության հղումներ

Բաքուն «դուրս չի եկել բանակցություններից»


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա ու տեղացի լրագրողների խմբի այցելություն է կազմակերպել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ադրբեջանական շրջաններ:

Մոտավորապես 45 լրագրողների խումբը այսօր ժամանել է Բարդայի շրջան, նրանց ուղեկցում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարը: Բարդայում նրանք նախ այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում են հրետակոծություններից վիրավորված մարդիկ: Այնտեղից նրանք մեկնել են Աղդամի և Աղջաբեդիի շրջաններ, ուր նրանց ցույց են տալիս հայկական կողմի հրետակոծություններից տուժած բնակավայրերը, վնասված ու այրված տները: Հարցազրույցներ են կազմակերպվել Չեմենլի, Գարադաղլի գյուղերի բնակիչների հետ:

Խմբում ընդգրկված են BBC-ի, Reuters-ի, Bloomberg-ի, թուրքական Anadolu-ի, ռուսական ու իսրայելական լրատվամիջոցների թղթակիցներ, ինչպես նաև Մոլդովայի նախկին օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով:

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասուլիսում հայտնել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հանդիպում անցկացնել Բրյուսելում: Ադրբեջանական Report կայքի փոխանցմամբ՝ Մամեդյարովն ասել է, որ «Ադրբեջանը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, նրանք առաջարկել են մայիսի կեսերին հանդիպում անցկացնել, ամենայն հավանականությամբ՝ Բրյուսելում, որևէ միջոցառման շրջանակում»:

Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և նորից հայտարարել է. - «Տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը հայկական զորքերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Նա մեկնաբանել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը՝ ասելով. - «Դա նման է սառցալեռան: Միայն գագաթն է երևում, բայց ոչ ոք չգիտե, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի առաջարկները հետաքրքրիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում»:

Մամեդյարովը վստահեցրել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին, համապարփակ համաձայնագրին, բայց «դրա համար արդյունքներ են պետք»: Նա հայտարարել է, թե խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե անցած մեկ օրվա ընթացքում հայկական կողմը հրադադարը խախտել է 116 անգամ, կրակելով նաև խոշոր տրամաչափի զենքերից: Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի վրա կրակ է բացվել նաև Հայաստանի տարածքից: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի վրա 122 անգամ «պատասխան» կրակ է բացել:

Այսօր Ադրբեջանի խորհրդարանի նիստում խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ասել է, թե «հայերը կորցրել են գլուխը և չգիտեն ինչ են խոսում»: Պատգամավորներին, մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերի խմբերին նա կոչ է արել շատ նամակներ գրել արտասահմանցի գործընկերներին՝ «ներկայացնելով իրականությունը», քանի որ, նրա խոսքով՝ դրսում շատերը նույնիսկ Ադրբեջանի տեղը չգիտեն:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ են տեղակայում՝ քաղաքացիական անձանց դարձնելով «կենդանի վահան»: Նախօրեին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հրապարակել է դա հաստատող լուսանկարներ և ընդգծել, որ հակառակորդի ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, լեգիտիմ թիրախներ են ղարաբաղյան զինված ուժերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG