Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը խոստանում է քննել օմբուդսմենի հետ կապված միջադեպը


Մոլդովայի խորհրդարանի շենքը
Մոլդովայի խորհրդարանի շենքը
Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ծայրաստիճան տհաճ» որակեց երեկ Հայաստանի խորհրդարանում Մոլդովայի օմբուդսմեններից մեկի՝ Աուրելիա Գրիգորիուի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարությունը։

Տեղեկացնենք, որ Մոլդովայում օմբուդսմենները, կամ ինչպես այդ երկրում ընդունված է՝ խորհրդարանական փաստաբանները մի քանիսն են:

Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայի շրջանակներում երեկ Աուրելիա Գրիգորիուն հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։

«Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է», - ասել էր Գրիգորիուն:

Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամն այսօր ասաց, որ Հայաստանի Ազգային ժողովում իրենց օմբուդսմենի հայտարարության հետ կապված անմիջապես զրուցել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարության հետ:

«Լիզորված եմ հայտարարել, որ մենք ցավում ենք կատարվածի համար: Մեր ղեկավարությունը խոստանում է, որ միջադեպը կդառնա քննության առարկա: Ենթադրում եմ, որ կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի՝ ում անունից, ինչ նյութեր են տրամադրվել, ինչ լիազորությունների շրջանակ է նախատեսված, և պաշտոնական պարզաբանում կտրվի այդ ամենին», - ասաց Պոպանը։

Մոլդովայի սահմանադրական դատարանի դատավոր Վիկտոր Պոպանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությունը իրենց օմբուդսմենի անձնական կարծիքն է:

«Ես տեղյակ չեմ, թե ով է լիազորել Մոլդովայի օմբուդսմենին, ինչ ձևով: Ամենայն հավանականությամբ, դա նրա անձնական կարծիքն է, քանի որ դա չէր կարող լինել խորհրդարանի, կամ որևէ կազմակերպության տեսակետ: Այդուհանդերձ, անկախ նրանից, թե որտեղից է վերցվել այդ նյութը, դա այն տեղը չէր և այն լիազորությունների շրջանակը չէր, ու այն անձը չէր, որ պետք է նման հայտարարությամբ հանդես գար», - ասաց Մոլդովայի սահմանադրական դատարանի դատավորը։

Վիկտոր Պոպանի խոսքով՝ նյութը, որի մասին խոսել է իրենց օմբուդսմենը, դուրս է խորհրդաժողովի շրջանակներից: «Օմբուդսմենի փոխարեն ես չեմ կարող և չեմ պատրաստվում պատասխան տալ», - ասաց նա։

Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զերծ մնաց մեկնաբանություններից և հնարավոր քայլերի մասին բարձրաձայնելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG