Մատչելիության հղումներ

ID քարտերով կրկնաքվեարկությունը կանխելու բազմաթիվ առաջարկներից ընդունվել են երկուսը


Ընդդիմությունը պնդում է, որ օրինագծում կատարված փոփոխությունները վերահսկողական որևէ նոր մեխանիզմ չեն ավելացրել։

Ազգային ժողովում այսօր ավարտվեցին բուռն քննարկումները հանրապետական չորս պատգամավորների հեղինակած օրինագծի վերաբերյալ, որը ենթադրում է քվեարկելու հնարավորություն տալ նաև նույնականացման քարտերով։ Ի տարբերություն անձնագրերի, ID քարտերի վրա քվեարկությունը փաստող որևէ նշում չի նախատեսվում:

Կրկնաքվեարկությունը բացառելու համար վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու ընդդիմության ներկայացրած բազմաթիվ առաջարկներից նախագծի հեղինակները ընդունել են երկուսը։ Օրինագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանն ասում է՝ համաձայնել են քվեարկության օրը ընտրողների ցուցակի առանձին սյունակում նշել, որ քաղաքացին քվեարկել է նույնականացման քարտով, իսկ քվեարկության արդյունքների արձանագրություններում առանձնացնել նույնականացման քարտով քվեարկողների թիվը:

«Մենք մտածում ենք, որ այս պայմաններում հնարավոր է վերահսկել, իսկ եթե ընդդիմությունը չի ուզում աշխատել, չի ուզում հանձնաժողովներում ակտիվ լինել, դա իր խնդիրն է»,- ասաց Սահակյանը։

Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ օրինագծում կատարված փոփոխությունները վերահսկողական նոր մեխանիզմ չեն ավելացրել, այս հնարավորությունը կար արդեն գործող օրենսգրքով:

«Անձնագրով քարտի համարը և սերիան ուրիշ է, ID-ի դեպքում ուրիշ թվեր են։ Այսինքն առանց օրենքի էլ ցանկացած հանձնաժողովի անձ կարող է այդ տեղեկությունները վերցնել, իրենք բացարձակ որևէ բան չարեցին ավելացնելու վստահությունը քաղաքացիների և ընտրությունների արդարացիության նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոխարենը չի ընդունվել առաջին ընթերցման ժամանակ ամենից հաճախ հնչող առաջարկը մատները թանաքոտելու վերաբերյալ, որը գրավոր ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հովհաննես Սահակյանը մատները թանաքոտելու տարբերակը ոչ միայն ծախսատար ու ժամանակատար համարեց, այլև հետադիմական։ «Հատուկ է հետադիմական, հետամնաց երկրներին»,- ասաց։

Լևոն Զուրաբյանն արձագանքեց՝ բազմաթիվ աֆրիկյան այսպես կոչված երրորդ երկրներ իրենց տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշներով առաջ են անցել Հայաստանից, իսկ առանց վերահսկողության մեխանիզմների հանրաքվե անցկացնելը խնդիրներ է առաջացնում դրա լեգիտիմության հետ։

«Ակնհայտ է, որ այդ խառնաշփոթը ստեղծվում է դիտավորյալ։ Դա թույլ կտա վերացնել բազմակի քվեարկության դեմ վերահսկողության մեխանիզմները։ Սա խարխլում է հանրաքվեի լեգիտիմությունը»,- ասաց նա։

Դաշնակցությունը նշում է՝ իրենց երեք առաջարկներից երկուսը ընդունվել են, իրենց մի առաջարկը՝ քվեարկությունից առաջ հրապարակվող ցուցակներում առանձնացնել նույնականացման քարտ ունեցողներին, չի ընդունվել, քանի որ պաշտոնյաներն իրենց համոզել են՝ տեխնիկապես հնարավոր չէ իրագործել: Խմբակցությունը կողմ կքվեարկի, չնայած Աղվան Վարդանյանի խոսքով՝ իդեալական տարբերակ չէ։

«Մեր երկու առաջարկները ինչ-որ չափով այդ հակակշիռը ստեղծում են, չէի ասի, թե սա իդեալական է, բայց տվյալ իրավիճակում լուծում է»,- ասաց Վարդանյանը։

«Օրինաց երկիրը» պատրաստվում է դեմ քվեարկել.- «Ի սկզբանե ասում ենք, որ այո՛, օրենքի խախտումներով, նման վերահսկողական մեխանիզմները հանելով չի կարող լինել ազատ, արդար ընտրություն։ Եվ հանրաքվեն անցնելու է բացարձակ կեղծիքներով»,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ձեռնպահ քվեարկել, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել, սակայն շեշտում է՝ ունի ներուժ գործող օրենսդրության շրջանակներում քվեարկությունը վերահսկելու համար, իսկ միայն նույնականացման քարտ ունեցող ավելի քան 180 հազար քաղաքացիներին չի կարելի զրկել քվեարկելու իրավունքից:

«Ես այն կարծիքին եմ, որ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից։ Եթե կա քաղաքական կամք անցկացնելու ազատ և արդար ընտրություններ, այդպիսի ընտրություններ կանցկացվեն։ Եթե չկա քաղաքական կամք, ուզում ես բոլոր մատները թանաքոտի, ուզում ես անձնագրում հարյուր հատ դրոշմակնիք դիր, ուզում ես ականջին օղակ անցկացրու «Ես արդեն քվեարկել եմ» վերտառությամբ, միևնույն է ամեն ինչին շրջանցելու մեխանիզմը գտնվելու է»,- ասաց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը փոփոխությունները չի կապում նոր Սահմանադրության հետ, ելքը, ըստ պատգամավորի, համատարած ընդվզումն է։

«Եթե դա տեղի չունենա, ապա նույնիսկ հանձնաժողովի բոլոր ազնիվ անդամները, ովքեր կպահեն այդ «ոչ» ձայները, միևնույն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Մուկուչյանը գեղեցիկ ձևով մի քանի ժամ ուղղակի կխափանի ամբողջ համակարգը և կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները։ Դա միանշանակ է։ Որպեսզի դրան չհասնենք, մենք պետք է ցույց տանք մեր ուժը։ Իսկ ուժը կարող ենք ցույց տալ, եթե բողոքում ենք։ Ոչ թե մի տեղում ենք բողոքում, ոչ թե մի խումբ է բողոքում, այլ պետք է բողոքեն համընդհանուր բոլոր տեղերում»,- ասաց Փոստանջյանը։

Օրինագծի քվեարկությունը կկայանա վաղը:

XS
SM
MD
LG