Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի միջոցառումը Եվրոպական Խորհրդարանում բազմամարդ էր։
Միջոցառմանը մասնակցելու եկել էին Ֆրանսիայից, Թուրքիայից, Հայաստանից և եվրոպական այլ երկրներից հյուրեր` հիշելու, պատվելու և մեջբերելու Դինքին: Փարիզյան դեպքերից հետո Հրանտ Դինքի առաքելությունը ավելի քան խորհրդանշական է, նշում էին ներկաները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդարանի փոխնախագահ, կոմս Ալեքսանդր Լամբսդորֆը նշեց, որ խոսքի ազատությունը վտանգի տակ էր թե 8 տարի առաջ Թուրքիայում, թե այժմ Եվրոպայում:
«Այս տարին հատուկ կարևորություն ունի: Դժբախտաբար, թե բարեբախտաբար, Փարիզի դեպքերը, մամուլի և խոսքի ազատության, Հրանտ Դինքի գործը համընկան նույն ժամանակահատվածում: Նրա քաջությունը, այն, որ նա գիտակցելով վտանգը՝ չվախեցավ խոսել, ահա այդպիսի ազատ մամուլի ու խոսքի կարիք ունենք մենք Եվրախորհրդարանում, աշխարհում ու նաև Հայաստանում: Այնպես որ այսօր ավելի քան երբեք Դինքին հիշելը տեղին է: Իմ առաջարկը երկու երկրներին և հատկապես Թուրքիային այն է, որ Թուրքիան պետք է հաղթահարի տասնամյակների իր խնդիրն ու առաջ շարժվի 1915-ի դեպքերն ազնվորեն ճանաչելով»,- ասաց Լամբսդորֆը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի խմբի նախագահ, միջոցառումը հյուրընկալողՖրանկ Էնգելը, «Ազատության» հետ զրույցում գնահատելով հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներն, ասաց.- «Մենք կուզեինք ավելի էական զարգացումներ տեսնել: Գիտեմ, որ շատ հայեր ու թուրքեր նույնպես դա են ցանկանում: Ցավոք, տեսնելով Թուրքիայի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, կարող եմ ասել, որ այս հարցը նրանց համար կարևորների շարքում չէ: Միակ բանը, որ մենք այստեղից կարող ենք անել, դա թուրքական իշխանություններին հանդեպ ճնշում գործադրելն է ու նրանց հասկացնելը, որ մեզ համար այդ կարգավորումը նույնպես կարևոր բաղադրիչ է Եվրոպայի հետ հարաբերություններում»։
Միջոցառմանը ներկա, նախկին լրագրող, ակտիվիստ Ծովինար Նազարյանը հիշեց տարիներ առաջ Ստամբուլում Դինքի հետ կայացած իր ու մի շարք հայ լրագրողների հանդիպումը։
«Հրանտ Դինքը ավելի շուտ մեդիա ակտիվիստ էր` և լրագրող, և հասարակական-քաղաքական գործիչ, որը փորձում էր ջահը բռնած լուսավորել թուրքական հասարակությունը։ Նա հասկանում էր և փորձում էր նաև Հայաստանին, Սփյուռքի հայերին բացատրել այն փաստը, որ թուրքական հասարակությունում այս թեման տաբու է եղել։ Եվ քանի որ տաբու է եղել, ոչ ոք այդ մասին տեղյակ չէ, ոչ ոք պատրաստ չէ ընդունել Ցեղասպանության իրողությունը։ Որպեսզի թուրքական հասարակությունը պատրաստվի դրան, ժամանակ է հարկավոր, և նախ պետք է նրանց լուսավորել։ Հենց դրանով էր զբաղված Հրանտ Դինքը»,- ասաց Նազարյանը։
Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի մուտքն ու անվտանգության հսկողությունը փարիզյան դեպքերից հետո բավականին խստացվել է: Եթե տարիներ առաջ բոլոր ցանկացողները կարող էին առանց խոչընդոտի մուտք գործել խորհրդարանի շենք, հետո միայն անցագրով ու մեկանգամյա ստուգումով, ապա այսօր փարիզյան դեպքերի արդյունքում Եվրախորհրդարանում անձը հաստատող փաստաթուղթն ու անցագիրը մի քանի անգամ է ստուգվում: