Մատչելիության հղումներ

Նոր հարցաքննություններ Հրանտ Դինքի սպանության գործով


Բողոքի ակցիա Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի օրը, 19-ը հունվարի, 2014
Բողոքի ակցիա Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի օրը, 19-ը հունվարի, 2014

«Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կրկին հայտնվել է թուրքական արդարադատության ուշադրության կենտրոնում:

Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Ստամբուլի քրեական գործերով դատարանում գրեթե ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են անցկացվում, որոնց ընթացքում 2007-ի հունվարին կատարված աղմկահարույց այս հանցագործության թեմայով բացատրություններ են տալիս բարձրաստիճան թուրք պաշտոնյաներն ու ոստիկանները:

Երկուշաբթի հերթը հասավ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող թերևս ամենաառանցքային դերակատարներից մեկին` Թուրքիայի Ազգային ոստիկանության Ստամբուլի վարչության նախկին ղեկավար Ջելալեդդին Ջերահին: Դինքի սպանության գործում ի հայտ եկած նոր հանգամանքների առթիվ հարուցված քրեական գործում Ջերահը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունների կատարման ընթացքում անփութություն ցուցաբերելու մեջ:

Ջերահը Ստամբուլի քաղաքային ոստիկանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր հենց Դինքի սպանության և դրան նախորդող ժամանակահատվածում: Ըստ թուրքական դատախազության, չնայած ստացվող օպերատիվ տեղեկատվությանը, Ջերահն ու նրա ենթակաները այդպես էլ որևէ քայլ չէին ձեռնարկել ստամբուլահայ լրագրողի անվտանգությունն ապահովելու համար:

Դինքի իրավահաջորդների և նրանց շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ՝ դեռ 2006-ի վերջին Տրապիզոնի ազգայնական շրջանակներում ներդրված ոստիկանական գաղտնի գործակալները հաղորդել էին Դինքի դեմ հնարավոր հարձակման մասին: Այս տեղեկատվությունը, որոշ աղբյուրների համաձայն, փոխանցվել էր նաև Ստամբուլի իրավապահներին, քաղաքային և նահանգային իշխանություններին, սակայն որևէ կանխարգելիչ գործողություն չէր հաջորդել:

Այս նույն մեղադրանքը առաջադրվել է ևս վեց թուրք նախկին պաշտոնյաների, որոնք արդեն իսկ հարցաքննվել են: Դրանց թվում էին, մասնավորաբար, Ստամբուլի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը և Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գունգյորը:

Ջելալեդդին Ջերահը, սակայն, հարցաքննված պաշտոնյաների թվում առանձնանում է մեկ այլ պատճառով ևս: Բանն այն է, որ Ստամբուլի քաղաքային ոստիկանության ղեկավարի անունը շոշափվեց նաև «Ակոսի» խմբագրի սպանության անմիջական հեղինակի՝ Օգյուն Սամասթի` մոտ 10 օր առաջ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ: Այդ հարցաքննության ընթացքում էր, որ Սամասթը պնդեց, թե դեռ Դինքի սպանության նախապատրաստման փուլում այս գործով հետագայում ցմահ ազատազրկման դատապարտվածՅասին Հայալը ասել էր, թե նույնիսկ Ստամբուլի ոստիկանության ղեկավարն է տեղյակ ծրագրվող սպանության մասին:

Ջելալեդդին Ջերահը, բնականաբար, հերքում է ներկայացվող այս մեղադրանքները: Երեկ մոտ երկու ժամ տևած հարցաքննությունից հետո, երբ քննիչները որոշեցին նրա դեմ կալանքը որպես խափանման միջոց չկիրառել, Ջերահը բավական հանդարտտրամադրությամբ և վստահ տեսքով լքեցդատարանի շենքը` չցանկանալով պատասխանել այդտեղ հավաքված լրագրողների հարցերին:

Ջերիահի հարցաքննությունն ու նրա ներգրավումը Դինքի գործում որպես կասկածյալ մեկ այլ առումով ևս առանձնահատուկ է: Ջելալեդդին Ջերահը ժամանակակից Թուրքիայի ամենափորձառու ոստիկաններից մեկն է: 90-կաններին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի ամենաթեժ շրջանում Ջերահը զբաղեցրել է քրդաբնակ մի շարք քաղաքների, մասնավորաբար, Սիիրթի և Բաթմանի ոստիկանապետի պաշտոնները: 90-ականների երկրորդ կեսին Ջերահը պաշտոնավարել է ծայրահեղ իսլամիստների ազդեցության կենտրոններից մեկը համարվող Սիվասում (Սեբաստիա):

Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ Թուրքիայում կարծիքներ են հնչում, թե հակաահաբեկչական պայքարի նման փորձ ունեցող ոստիկանը ցանկության դեպքում ի վիճակի էր կանխել նաև «Ակոսի» խմբագրի սպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG