Մատչելիության հղումներ

Սամասթը խոսում է Դինքի սպանությանը բարձրաստիճան ոստիկանների անմիջական առնչության մասին


Սամասթը խոսում է Դինքի սպանությանը բարձրաստիճան ոստիկանների անմիջական առնչության մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

«Նրանք աջակցում են մեզ, դու հերոս ես դառնալու», - Օգյուն Սամասթին ասել է Յասին Հայալը սպանությունից մի քանի օր առաջ:

Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ են եղել «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի ծրագրվող սպանության մասին, այլև ուղղորդել են դրա նախապատրաստման գործընթացը: Անցած ուրբաթ օրը Ստամբուլի քրեական գործերով դատարանում նման ցուցմունքով է հանդես եկել Դինքի սպանության անմիջական հեղինակը` 2011-ի հուլիսին 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը:

Այսօր՝ հարցաքննությունից 5 օր անց, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունեցող Sabah օրաթերթը որոշ հատվածներ է հրապարակել Սամասթի` դատարանում հնչեցրած ցուցմունքներից, որոնցից պարզ է դառնում, որ իրավապահների և Դինքի մարդասպանի միջև գլխավոր միջնորդը եղել է դատարանի կողմից սկզբում արդարացված, հետագայում կրկին ձերբակալված տրապիզոնցի ազգայնական Էրհան Թունջելը:

«Սպանությունից առաջ ես Էրհան Թունջելին այցելեցի նրա բնակարանում: Այդ հանդիպման ժամանակ էլ նա ինձ տեղյակ պահեց Ռամազան Աքյուրեքի և Ալի Ֆուաթ Յըլմազերի [ներգրավվածության] մասին», - Սամասթի խոսքերն է մեջբերում Sabah-ը:

Սամասթի ցուցմունքում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավարն է, իսկ Ալի Ֆուաթ Յըլմազերը` Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավարը, ով սպանության պահին զբաղեցնում էր Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Թուրքական մամուլի տեղեկություններով, ի դեպ, երկու ոստիկաններն էլ սերտ կապեր ունեին Միացյալ Նահանգներում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլա Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժման հետ: Այսօր Գյուլենի և Թուրքիայի նախագահ, նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի հարաբերությունները խիստ սրվել են, սակայն Դինքի սպանության ժամանակահատվածում «Հիզմեթ»-ը իշխող իսլամիստների գլխավոր սոցիալական և կադրային բազաներից մեկն էր: Գյուլենականների և Աքյուրեքի սերտ կապերի մասին դեռ 2007 թվականի հունվարին` Դինքի սպանությունից հաշվված օրեր անց, գրում էր թուրքական Cumhurriyet պարբերականը: Ավելին, Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքն արդեն մի քանի ամիս է ինչ ճաղերի ետևում է: Նրան, ևս երեք տասնյակ այլ ոստիկանների հետ միասին, մեղադրում են 2008-2010 թվականներին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներին անօրինականորեն գաղտնալսելու մեջ:

Վերադառնալով Օգյուն Սամասթի ցուցմունքներին, նշենք, որ նա դատարանում մեջբերել է նաև Դինքի սպանության գործով անցնող ևս մեկ առանցքային մեղադրյալի` ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի` սպանությունից առաջ Տրապիզոնում ասված հետևյալ խոսքերը․ - «Մենք շատ լուրջ աջակցություն ունենք»:

«Յասինը վարսավիրանոցում ատրճանակը դրեց իմ գրպանը և բացատրեց․ - «Կրակում ես ուղիղ նրա վրա: Ոստիկանությունը քեզ կձերբակալի Սամսունում: Եթե քեզ բռնեն Տրապիզոնում, դու ղեկավար Ռամազանին [Աքյուրեքին] հարվածի տակ կդնես»: Սամասթի խոսքով՝ Հայալը տեղական ոստիկանության և ժանդարմերիայի պաշտպանության ներքո էր:

«Ռամազանը, նույնիսկ Ստամբուլի ոստիկանության ղեկավարը տեղյակ են այս ամենին: Նրանք աջակցում են մեզ, դու հերոս ես դառնալու», - ասել է Յասին Հայալը Օգյուն Սամասթին սպանությունից մի քանի օր առաջ:

Սամասթը նաև պնդել է, թե պատրաստվում էր շատ ավելի վաղ պատմել բարձրաստիճան ոստիկանների` Դինքի սպանությանն ունեցած առնչության մասին, սակայն նրան ստիպել են լռել:

«Երբ ես հայտարարեցի, թե խոսելու եմ դատական երկրորդ նիստի ժամանակ, բանտում ենթարկվեցի հարձակման, ինձ ահաբեկեցին: Բացի այդ, ահազանգեր եղան ինձ տեղափոխող մեքենայում և դատարանում տեղադրված ռումբերի մասին», - ասել է Սամասթը՝ հավելելով․ - «Այսօր սակայն ես այլևս չեմ վախենում»:

Ի դեպ, Դինքի սպանությունում իրավապահների հնարավոր ներգրավվածության հարցի քննությունը վերջին շաբաթներին զգալիորեն ակտիվացել է: Վերջին մի քանի օրերին, ըստ Hurriyet-ի, հարցաքննվել են Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գունգյորը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, Տրապիզոնի ոստիկանության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կհարցաքննվեն ևս յոթ բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում՝ Դինքի սպանության ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ջելալեդին Ջերահը:

XS
SM
MD
LG