Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն կրկին քննադատում է Ջեյմս Ուորլիքին


Պաշտոնական Բաքուն կրկին քննադատում է Ջեյմս Ուորլիքին
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00

Ջեյմս Ուորլիքը կրկին հայտնվել է պաշտոնական Բաքվի քննադատության թիրախում. այս անգամ պատճառը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպերության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի վաշինգտոնյան հանդիպումն է:

«Ուորլիքը կրկին վտանգում է բանակցային գործընթացը», «Ի՞նչ իրավունքով է Ուորլիքը հանդիպում Ղարաբաղի ներկայացուցչի հետ». այս վերնագրերի ներքո ադրբեջանական մամուլի քննադատական հրապարակումները ստիպել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող ամերիկացի դիվանագետին հանդես գալ պարզաբանմամբ:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ ես կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ», - հայտարարել է Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր հանդիպման վերաբերյալ APA գործակալության հարցին։

«Մենք քննարկեցինք նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած լարվածության նվազեցման կարևորությունը և բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ադրբեջանական գործակալությանը փոխանցել է Ուորլիքը։

Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպումը, կայացել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում։

Այս հարցերի շուրջ երեկ Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել արդեն Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում, որին ներկա են գտնվել տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատության» հետ զրույցում պատմում է, որ կոնգրեսականներն իրենց ելույթներում նշել են, թե մի երկիր, որը ոտնահարում է սեփական քաղաքացիների իրավունքները, նրանց նետում բանտեր և ճնշումների միջոցով լռեցնում նրանց, իրավունք չունի պահանջներ ներկայացնելու ժողովրդավարության ձգտող Ղարաբաղի շուրջ:

«Արցախին նվիրված միջոցառմանը աննախընթաց մասնակցության էր ամերիկյան կոնգրեսականների կողմից․ տասը կոնգրեսականներ իրենց պատգամը բերին միայն ազատությամբ և խաղաղությամբ են կարողանում իրենք տեսնել Արցախի ապագան: Կոնգրեսականներն անդրադարձան ընդհանրապես այն առաջադիմությանը, որ Արցախի մեջ տեսնում ենք թե՛ ժողովրդավարության վերաբերյալ և թե՛ տնտեսական աճի գծով: Նաև իրենց պատգամը տվին, որ պետք է շարունակվի Ամերիկայի կառավարության օժանդակությունը՝ ի նպաստ Արցախի ընդհանուր հզորացմանը», - նշեց Չուլջյանը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մերի Հարֆը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հարցում չի փոխվել․ - «Կոնգրեսը միանշանակ ազատ է նման ընդունելություններ կազմակերպելու հարցում»:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկարատև համաձայնության հասնելու հանձնառությանը», - եզրափակել է Հարֆը:

XS
SM
MD
LG