Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ի համաձայնագիրը «Ղարաբաղի հետ կապված որևէ մտահոգություն չի կարող առաջացնել»


ԵՏՄ-ի համաձայնագիրը «Ղարաբաղի հետ կապված որևէ մտահոգություն չի կարող առաջ բերել»
please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00

Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը Ղարաբաղի հետ կապված որևէ մտահոգություն չի կարող առաջ բերել, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Հանրապետական պատգամավորի գլխավորած հանձնաժողովը՝ որպես գլխադասային, կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը:

Վարդան Այվազյանի փոխանցմամբ՝ Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետի տեղադրման հետ կապված խնդիր կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը: Տնտեսական հանձնաժողովի նախագահը նաև վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Հայաստանի մաքսակետերում օտարերկրացի մաքսավոր կհայտնվեն:

«Ոչ պայմանագիրը, ոչ քաղաքական համաձայնությունը որևէ նման նորմ չի դիտարկում։ Չկա այն մտահոգությունը, որ կլինի հանկարծ ինչ-որ մաքսային սահման, այլ մաքսավորներն և այլն։ Նման որևէ մեխանիզմ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր պայմանագիրը չի նախատեսում»,- հայտարարեց Այզվազյանը.- «Ղարաբաղի հետ կապված անհանգստություն էլ չկա, միանշանակ կարող եմ այսօր բարձրաձայն հայտարարել։ Չի էլ կարող լինել, մինչև չլինի հաջորդ քայլը, ասենք, Ադրբեջանի անդամակցությունը»։

Դեկտեմբերին նախատեսվող լիագումար նիստում քննարկվելուց առաջ Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի շուրջ խորհրդարանում կանցկացվեն լսումներ, որից հետո արդեն փաստաթուղթը կքննարկվի Տնտեսական հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ այն տնտեսական համաձայնագիր է:

Վարդան Այվազյանի փոխանցմամբ՝ բնականաբար, անմասն չեն մնա նաև Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, Սոցիալական հարցերի հանձնաժողովները, քանի որ այդ համաձայնագիրը իր մեջ պարունակում է նաև քաղաքական, սոցիալական տարրեր։ Եվ հետո, մոտ 1400 էջից բաղկացած համաձայնագրից բացի, պետք է ընդունվեն նաև շուրջ 22 օրենսդրական փաթեթներ, որոնց միջոցով հայաստանյան օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրասիական տնտեսական տարածքի օրենսդրությանը: Օրինակ, Վարդան Այվազյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո Հայաստանի ամբողջ Մաքսային օրենսգիրքը չեղյալ է հայտարարվելու, փոփոխություններ են կատարվելու նաև աշխատանքային միգրացիայի վերաբերյալ օրենսդրության մեջ:

«Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ երկրների քաղաքացիների նկատմամբ կիրառվում է հավասար իրավական նորմ՝ ազատ տեղաշարժ, ազատ աշխատանքի իրավունք, ազատ եկամուտների ձեռք բերում և եկամուտների տնօրինում։ Դա կարևորագույն հիմնադրույթներից մեկն է, ինչը չկար մեկ միասնական տնտեսական տարածքի համաձայնագրի և Մաքսային միության համաձայնագրի շրջանակներում»,- ասաց Այվազյանը։

Այն, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի քննարկման համար իբրև գլխադասային մարմին է նշանակվել հենց Տնտեսական հանձնաժողովը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը պատահական չի համարում: Պատգամավորի փոխանցմամբ՝ Հայաստանն այս կերպ կարծես թե մեսիջ է ուղարկում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը դիտարկվում է զուտ իբրև տնտեսական խնդիր և ոչ ավելին:

Սակայն Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ այս ծավալուն փաստաթուղթը պետք է անպայման քննարկել նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, քանի որ պետք է հստակեցվի, թե տնտեսական համաձայնագիրը ի՞նչ հետևանքներ է կարող է ունենալ քաղաքական առումով: Մասնավորապես, արդյոք այն չի հանգեցնի՞ Հայաստանում քաղաքական ազատությունների սահմանափակմանը, արդյոք Հայաստանը ինքնուրո՞ւյն կորոշի իր արտաքին քաղաքականության վեկտորը, թե՞ ստիպված է լինելու այլ երկրների հետ հարաբերությունները ամեն անգամ ճշտել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ։ Պարզ չէ նաև, եթե ասենք հայ-ղազախական բիզնեսը խնդիրներ ունենա, ապա ո՞ր երկրի դատարանն է այդ հարցերը քննելու և այլն:

«Եթե նայենք այս տեսակի տնտեսական միությունների փիլիսոփայությունը, բերելու է խնդրին, որ ապագայում կարող է ասեն՝ եկեք նույն դրամական միավորը ունենանք, ստեղծենք հավելյալ մարմիններ։ Եթե նայում ենք, այսօր Ղազախստանն էլ է պայքարում և միշտ ասում է՝ սա միայն տնտեսական միություն է, դա կարող է տևել մի քանի տարի, որից հետո զարգանա դեպի այլ միություն։ Եվ այդտեղ մենք կունենանք խնդիրներ»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյան փոխանցմամբ՝ քաղաքական հարցերից բացի լուրջ քննարկման առարկա պետք է դառնան նաև տնտեսական հարցերը: Մասնավորապես, քննարկումների ընթացքում պետք է հստակ պատասխան տրվի՝ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը վավերացնելուց հետո գազի գինը Հայաստանում նվազելու է, թե՝ ոչ:

«Երբ մեկ տարի առաջ դեկտեմբերին քննարկվում էր գազային այդ պայմանագիրը, ասում էին, որ հարկերի բաժինը դուրս կգա, բենզինը կէժանանա և էներգակիրների գները պետք է այդ հարկայինից դուրս գան և էժանանան։ Հիմա տեսնենք՝ արդյոք դա իրականությանը համապատասխանում է այս պարագայում, թե՝ ոչ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG