Մատչելիության հղումներ

ԵՄ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում պայքարել ԵՏՄ-ի անդամակցության դեմ


«Հոկտեմբերի 10-ին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը երկիրը շեղեց ժողովրդավարական ինստիտուտների և հասարակական, տնտեսական ու բազմաթիվ այլ ոլորտների կայացման և ամրապնդման դժվարին, բայց այլընտրանք չունեցող ճանապարհից»,- հայտարարում է Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ)։

ՀԱՊ-ը խիստ մտահոգություն է հայտնում առ այն, որ ԵՏՄ մտնելու պայմանագիրը ստորագրված է ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց օրինական ընթացակարգերի պահպանման։

«Մտնելով ԵՏՄ, Հայաստանը իրավունք չի ունենալու սեփական կամքով դուրս գալ այդ միությունից, ինչը նշանակում է մեր երկրի ինքնիշխանության կորուստ։ Հայաստանը մտնում է մի տնտեսական միության մեջ, որի անդամները ավտորիտար, ոչ ժողովրդավարական երկրներ են, որոնցում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները աղաղակող չափերի են հասնում»,- ասված է հայտարարությունում։

ՀԱՊ-ի կարծիքով՝ որևէ քննադատության չեն դիմանում այն պնդումները, որ ԵՏՄ-ն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, մինչդեռ ԵՏՄ որևէ հիմնադիր փաստաթղթում նման գործառույթ առկա չէ, և մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը հանրությանը որևէ հստակ տեղեկություն չի տվել այն մասին, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններն ինչպես, ինչ ծավալով և ինչ ձևաչափով է շարունակելու: Եվ վերջապես, արդյո՞ք ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանը կորցնում է «GSP+»-ը։

«Մենք՝ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներս,կոչ ենք անում իշխանական և ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը, վերանայել այս վտանգավոր խաղի մեջ մտնելու՝ կործանարար հետևանքներով լի որոշումը: Միաժամանակ, մեզ հիասթափեցնում է Եվրամիության անհամարժեք արձագանքը հոկտեմբերի 10-ին ստորագրված ԵՏՄ պայմանագրի և դրա արդյունքում ակնկալվող վտանգների վերաբերյալ, դրանով անտեսելով այն սպառնալիքները, որ նման Միության էքսպանսիան կարող է ունենալ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ»,- հայտարարում է ՀԱՊ-ը։

ՀԱՊ-ը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵՏՄ պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցումը և այդ նպատակով, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես եկող քաղաքական և հասարակական բոլոր ուժերին համախմբման կոչ է անում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG