Մատչելիության հղումներ

Ռիչարդ Մորնինգսթար․ «Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Մայիսի 7-ից սկսած արդեն երրորդ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն է հայտարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտնի պնդումներին հետևեց նաև Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը:

«Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը», - ««Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը անցած շաբաթավերջին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ամերիկացի դիվանագետը, խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, նշել է․ - «Հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Ամերիկացի դիվանագետի հարցազրույցը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից ևս․ Ռիչարդ Մորնինգսթարը թերևս առաջին արևմտյան դիվանագետն է, ով բացահայտորեն հայտարարում է, որ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետ:

«Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ», - նշել է Մորնինգսթարը՝ չհստակեցնելով, սակայն, թե որ պետությանը նկատի ունի «երրորդ կողմ» ասելով:

Մորնինգսթարը նաև խստորեն քննադատել է ադրբեջանական իշխանություններին` ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ չդադարող հետապնդումների համար: Նրա խոսքով՝ նման գործելաոճը վատթարացնում է Արևմուտքի և Բաքվի հարաբերությունները: Ամերիկացի դեսպանը նաև ակնարկել է, թե նման քայլերը թուլացնում եմ Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանի շուրջ:

«Եթե հարաբերությունները վատթարանում են, այդ դեպքում ո՞վ պետք է Ռուսաստանի առջև ձայն հնչեցնի ի պաշտպանություն Ադրբեջանի անակախության և ինքնիշխանության: Ո՞վ պետք է հանդես գա բուֆերի դերում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի լուծում գտնի, և իրադարձությունները չզարգանան անցանկալի հունով», - նշել է Մորնինգսթարը, պնդելով, թե իր տպավորությամբ՝ աշխարհքաղաքական կողմնորոշումների հարցում ադրբեջանական կառավարությունը պառակտված է:

«Ենթադրում եմ, որ կառավարությունը միատարր չէ: Այնտեղ կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնաս հասցնել ԱՄՆ - Ադրբեջան հարաբերություններին, խոչընդոտում են արևմտյան կազմակերպությունների գործունեությունը: Կարծում եմ, սակայն, որ ինքը նախագահ Ալիևը այդ մարդկանց թվում չէ», - ասել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG