Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ․ «Հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք 1․5 միլիոն հայերի կորուստը»


ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Յեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Յեն Փսաքի, արխիվ

Միաժամանակ, խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն:

Ամենօրյա ճեպազրույցների ընթացքում Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի խոսնակ Յեն Փսաքին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը` հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը արդեն վաղուց հայտնի է:

«Մենք հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք մեկևկես միլիոն հայերի կորուստը, որոնք կոտորվել են կամ մահվան աքսորի են քշվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այս սարսափազդու իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի դաժանագույն վայրագություններից մեկին: Եվ Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են հսկայական ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին և հայկական ծագում ունեցող մարդկանց, ինչպես և մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային արժեքները», - հայտարարել է Փսաքին:

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն, ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Իսկ ինչպիսին էր թեկնածու Օբամայի տեսակետը այս հարցի շուրջ՝ այս հարցին Փսաքին պատասխանել է, որ թեկնածու Օբաման իր անձնական տեսակետն ունի այս հարցում, որը նա փաստացի ձևակերպել է անցյալ տարվա Սպիտակ տան հայտարարության մեջ: «Ես վստահ եմ, որ էլի հայտարարություններ կլինեն այս ամսվա վերջում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Լրագրողները հետաքրքրվել են` ինչ նորություններ կան հայ - թուրքական արձանագրություններից և հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից, որը ողջունվել էր Միացյալ Նահանգների կողմից, Յեն Փսաքին հայտարարել է, որ իրենք շարունակում են կոչ անել երկու կողմերին միասին աշխատել՝ հասնելու համար փաստերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչման:

«Մենք կարծում ենք, որ իրենց ընդհանուր պատմության հետ կապված հարցերը լուծելու համար միասին աշխատելով՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են նպաստել ողջ Կովկասյան տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը, այդ պատճառով մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ հարցում», - ասել է Պետքարտուղարության խոսնակը:

«Չնայած արձանագրությունների հարցում այժմ առաջընթաց չկա, մենք նշում ենք, որ երկու կողմն էլ շարունակում են հավատարիմ մնալ հարաբերությունների նորմալացման գործընթացին, և կողմերից որևէ մեկը հետ չի քաշվել: Մեր մեծագույն շահը այս հարցում այն է, որ Հայաստանն ու Թուրքիան ապաքինեն անցյալի վերքերը և առաջ շարժվեն միասին` դեպի անվտանգ և բարգավաճող տարածաշրջանի միասնական ապագա, և մեր քաղաքականությունը, բնականաբար, ղեկավարվում է այդ նպատակով», - հայտարարել է Յեն Փսաքին:

:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG