Մատչելիության հղումներ

«Ժառանգության» թափուր մնացած մանդատը լարվածության պատճառ է դարձել


Դեկտեմբերի 28-ին ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հրաժարականից հետո հակասություններ են առաջ եկել «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև:

Հիշեցնենք` 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները մասնակցեցին միացյալ ընտրացուցակով, թեև դրա շուրջ երկու կողմերում էլ ի սկզբանե տարաձայնություններ կային: Ընտրություններից ամիսներ անց` հոկտեմբերին, նույն ցուցակով` «Ժառանգություն» կուսակցության անվան տակ խորհրդարան մտած երկու քաղաքական ուժերը պաշտոնապես հայտարարեցին համագործակցության ավարտի մասին։

Միացյալ ընտրացուցակում Թևան Պողոսյանին հաջորդողը «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է: Նրան հաջորդում է «Ժառանգությունից» նախկին պատգամավոր, ներկայումս Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը։ Օրերս Ազատության հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք էր հայտնել, որ տրամաբանական կլինի եթե Այվազյանը իր տեղը զիջի Ստյոպա Սաֆարյանին։

«Կարծում եմ դա հասարակության պահանջն է, և «Ազատ դեմոկրատները», հաշվի առնելով, որ այդ տեղը պատկանում է մեզ, պետք է համապատասխան որոշում կայացնեն», - ասել էր Փոստանջյանը:

Մինչդեռ «Ազատ դեմոկրատները» վաղուց են որոշել, որ ցուցակում փոփոխություն չի լինելու։

«Ցուցակը կազմվել է հնարավորինս տրամաբանորեն, և այն ժամանակ, եթե տրամաբանական լիներ մեզ համար և ընդունելի` Սաֆարյանի ավելի առաջ լինելու հանգամանքը քան Մասիս Այվազյանը, դա այդպես կլիներ: Եվ ավելորդ չեմ համարում ասել, որ Ազգային ժողովում այդ նույն ցուցակով պատգամավորների մեջ ես չեմ տեսնում մեկին, ով ավելի շատ բան արած լինի այդ ցուցակի համար, քան Մասիս Այվազյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանում ավելի արդյունավետ կաշխատի քան Մասիս Այվազյանը, ապա Քոքոբելյանը այստեղ լուրջ կասկածներ ունի։ Քոքոբելյանի խոսքով, իրականում Մասիս Այվազյանը պետք է ավելի վերին հորիզոնականներում լիներ ցուցակում, քանի որ հիմնականում նա էր զբաղվում ընտրությունների հետ կապված կազմակերպչական աշխատանքներով։

Այվազյանը նախկին բարձրաստիճան ոստիկան է, ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է բաժնի պետից մինչև փոխնախարարի պաշտոններ, մասնակցել է 88-ի շարժմանը, ղարաբաղյան պատերազմին, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղարն է։ Ինչ վերաբերում է քաղաքական կշռին, ապա Քոքոբելյանը նշեց, որ ժամանակին Ստյոպա Սաֆարյանը եղել է Այվազյանի ենթական։

«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը այս հարցի շուրջ քննարկումները դեռ վաղ է համարում, ավելացնելով, որ հասարակությունը ընտրել է «ժառանգություն» անունը, որը ձևավորվել է նաև նախկին խորհրդարանում կուսակցության պատգամավորների գործունեությամբ։

«Ես կարծում եմ, անկախ արված հայտարարություններից, խնդիրը պետք է ստանա ճիշտ լուծում, որովհետև կարծեք թե Ազատ Դեմոկրատների անունով չէ, որ թիմը հայտնվել է խորհրդարանում», - մեկնաբանեց Սաֆարյանը:

Նախկին պատգամավորը հավելեց, որ ինքը կարողանում է և սիրում է պատգամավորական աշխատանքը, անկեղծանալով, թե` վերադառնալու ցանկություն կա։
XS
SM
MD
LG