Մատչելիության հղումներ

Մեկնարկում է վիլնյուսյան գագաթնաժողովը


Տեսարան Վիլնյուսից
Տեսարան Վիլնյուսից
Հինգշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի պաշտոնական մամլո հաղորդագրությունում նշված է, որ քաղաքական օրակարգի առաջին և գլխավոր հարցը դարձավ գագաթնաժողովի նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը:

Քաղաքական գործիչները, դիվանագետները և համաշխարհային լրատվամիջոցները կենտրոնացան այն հարցի վրա, թե արդյոք Ուկրաինան կստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագիրը: Այնուամենայնիվ, չնայած Ուկրաինայի այս որոշմանը, Արևելյան գործընկերության ծրագրի ապագան չի կարող և չպետք է դրան զոհ գնա, նշված է մամուլի հաղորդագրությունում:

Ի դեպ, նախօրեին Լիտվայի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Վիլնյուսում հակառուսական մի հռչակագիր է ընդունվելու: Ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էր տեղեկություն հայտնել այն մասին, որ լիտվական կողմը հակառուսական մի հռչակագիր է պատրաստել, որում առաջարկում է Եվրամիության երկրներին դատապարտել Ռուսաստանի կողմից իմպերիալիստական ճնշումները իր հարևան երկրների նկատմամբ, բացի այդ՝ աջակցություն հայտնել դեպի Եվրոպա ձգտող Ուկրաինայի ժողովրդին:

Արդեն հայտնի է, որ Վիլնյուսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Գերմանիայի կանցլերը երեկ Բեռլինում հայտարարել է, որ ցանկանում են Եվրամիության հետ ասոցացման դռները Ուկրաինայի համար բաց պահել: Միևնույն ժամանակ, Մերկելը հայտարարել է, որ Եվրոպային մոտենալը մինչև հիմա մշտապես ընկալվել է որպես հեռացում Ռուսաստանից. կանցլերի խոսքով` պետք է վերջ դնել սառը պատերազմի տրամաբանությամբ մտածելու սովորությանը` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Սառը պատերազմը վերջացել է, երկրները պետք է իրենց կամքով որոշումներ կայացնեն, ասել է Գերմանիայի կանցլերը:

Ինչպես տեղեկացնում է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի պաշտոնական կայքէջը, գագաթնաժողովի նիստերը և փաստաթղթերի ստորագրման աշխատանքները տեղի կունենան վաղը` նոյեմբերի 29-ին, իսկ այսօր նախ կհանդիպեն Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ովքեր կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Արևելյան գործընկերության հեռանկարների կապակցությամբ:

Իր աշխատանքը այսօր կսկսի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումը:

Ակնկալվում է, որ այսօր կհանդիպեն Եվրամիության 28 երկրների ղեկավարները` Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար:

Վեհաժողովին վերաբերող ամենավերջին շտկումները կկատարվեն աշխատանքային ընթրիքի ժամանակ, որին կմասնակցեն Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարները, Եվրամիության ղեկավարները, ինչպես նաև արևելյան գործընկեր պետությունների առաջնորդները և բարձրաստիճան ներկայացուցիչները:

Մինչ այսօրվա ընթրիքը, Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները հանդիպումներ կունենան Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն ունեցող և ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հետ:

Ուրբաթ օրը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն կհանդիպի նաև արևելյան գործընկեր պետությունների ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG