Մատչելիության հղումներ

Կիևը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բոլոր աշխատանքները


Ուկրաինա-- Նախագահ Վիկտոր Յանուկովիչի (աջ) և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, արխիվ
Ուկրաինա-- Նախագահ Վիկտոր Յանուկովիչի (աջ) և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, արխիվ
Ուկրաինան դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված նախապատրաստական բոլոր աշխատանքները: Ուկրաինայի նախարարների կաբինետը նման որոշում կայացրեց բառացիորեն մի քանի ժամ առաջ:

Ուկրաինական կառավարությունը հանձնարարել է տնտեսական բլոկի բոլոր նախարարություններին. - «ԱՊՀ պետությունների հետ առևտրի զարգացմանն, արտադրական կոոպերացիան խթանելուն և տեխնոլոգիաների փոխանակմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչը կնպաստի աշխատատեղերի պահպանմանն ու պետության տնտեսական կայունության ապահովմանը»:

Ուշագրավ էր, որ նույն այն պահին, երբ կառավարությունը հրապարակում էր իր այս որոշումը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիեննայում իր ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում հայտարարում էր՝ պաշտոնական Կիևը հավատարիմ է եվրաինտերգրմանն ուղղված իր քաղաքականությանը:

Կիևի կտրուկ շրջադարձի մասին կարելի էր կռահել դեռ կեսօրին` Գերագույն ռադայում ծավալված բուռն իրադարձությունների ֆոնին, երբ իշխող Ռեգիոնների կուսակցությունն ու կոմունիստները, տապալեցին դատապարտյալների համար արտերկրում բուժման հնարավորություններ ստեղծող օրենսդրական փաթեթի հաստատումը: Այսպիսով Յանուկովիչի կողմնակցիները փաստորեն բացառում են Գերմանիայում Յուլիա Տիմոշենկոյի բուժման բոլոր հնարավորությունները:

Քվեարկության տապալումից անմիջապես հետո Տիմոշենկոյի հիմնադրած «Բատկիվշինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկ հայտարարեց.- «Նախագահ Յունկովիչը անձնական պատասխանատվություն է կրում դեպի Եվրոպական Միություն Ուկրաինայի առաջընթացն արգելափակելու համար: Յանուկովիչը չի ցանկանում, որ այս օրենքը ընդունվի և նրա կուսակիցները տապալում են այն»։

Այն, որ Ուկրաինայի եվրաինտեգրման հեռանկարների առումով նախագահ Յանուկովիչի դերն առանցքային է, ընդգծում են նաև եվրոպական դիվանագիտական աղբյուրները: Reuters գործակալությունը մեջբերում է Կիևի հետ բանակցություններում ներգրավված եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետի խոսքերը.- «Իմ համոզմամբ՝ Յանուկովիչը շարունակում է մեզ մոլորության մեջ մտցնել: Կոպիտ ասած, նա գին է բարձրացնում` նպատակ ունենալով [համաձայնագրի ստորագրման դիմաց] ավելի մեղմ պայմաններ ու որոշակի փոխհատուցում ստանալ»։

Reuters-ի անանուն աղբյուրը հավելել է նաև, որ նախագահ Յանուկովիչի և Եվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջև օրերս կայացած բանակցություններն անցել են «նյարդային և լարված մթնոլորտում»:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը անհամեմատ ավելի հոռետեսորեն է տրամադրված.- «Ուկրաինան հետ է կանգնում իր նախկին մտարդություններից»,- համոզված է գերմանացի պատգամավորը։

«Հույսը վերջինն է մահանում, բայց ներկա պահի իմ գնահատականը հետևյալն է. Ես, իհարկե, չունեմ որևէ ապացույց, սակայն նախագահ Յանուկովիչն այլևս չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Դրա պատճառը ռուսական կողմի սպառնալիքներն ու խոստումներն են: Կարծում եմ՝ ռուսական ճնշման հետևանքով Ուկրաինան այլևս ցանկություն չունի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշում էր Բրոկը ուկրաինական կառավարության որոշման հրապարակումից հաշված ժամեր առաջ:

Ուկրաինական կողմն, ի դեպ, առաջարկում է ստեղծված փակուղուց ելքի սեփական տարբերակը: Ազարովի կառավարությունը առաջարկում է եռակողմ հանձնաժողով ստեղծել Կիևի, Մոսկվայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ, որն էլ պետք է հստակ մեխանիզմներ մշակի, որոնք թույլ կտան բավարարել թե Ուկրաինայի եվրոպական հեռանկարները, և թե Ռուսաստանի կենսական շահերը:

Այս առաջարկի մասին քիչ առաջ Մոսկվայում խոսեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչը առաջարկում է բանակցություններ անցկացնել երեքով` Եվրոպան, Ուկրաինան, Ռուսաստանը: Մենք կողմ ենք: Բայց միայն մի պայմանով՝ մինչև [Ասոցացման մասին] որոշման ընդունումը: Ինչպե՞ս կարող ենք բանակցել հարցերի շուրջ, որոնք համաձայնեցված ու ընդունված են»,- նշում է Ռուսաստանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG