Վրաստանի մի խումբ ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ մտադիր են «օտարերկրյա գործակալների» օրենքը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Հայցվորները պնդում են, որ վիճահարույց օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված, խոսքի ազատությունը, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքը։
«Ռուսաստանյան օրենքը» ոչ միայն նպատակ ունի սահմանափակել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը, այլև ծառայում է բոլոր քաղաքացիներին միմյանցից մեկուսացնելուն և քննադատական ձայները ճնշելուն», - հայտարարում են ՄԻԵԴ հայց ներկայացնող լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շեշտելով, որ աղմկահարույց օրենքը սահմանափակում է նաև այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք զբաղվում են հանրային խնդիրներով՝ ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությունը, կանանց և երեխաների պաշտպանությունը բռնությունից, դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, հետաքննող լրագրությունը։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
Այս ֆոնին Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել երկրի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր