Կընդունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարարի հանրային բանավեճի առաջարկը: Տասը տարի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած և շուրջ երկու տասնամյակ ղարաբաղյան բանակցություններում ներգրավված Վարդան Օսկանյանը ձեռնոց է նետում Փաշինյանին՝ առաջարկելով ժողովրդի աչքի առաջ բանավիճել։ Փաշինյանի բանավիճելու համանման առաջարկը նախօրեին մերժել էին նախկին երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը:
Վարդան Օսկանյանն ընդգծում է՝ 1992 թվականից Ղարաբաղյան հարցի բանակցությունների առաջին գծում է եղել։ Սկզբում բանակցային խմբում որպես շարքային դիվանագետ, հետո պարտականություն է ստանձնել վարել այդ բանակցությունները, ապա 1994-ին փոխարտգործնախարար է նշանակվել, եղել է Ղարաբաղի հարցով գլխավոր բանագնացը, իսկ արդեն 1998-2008 թվականներին որպես արտգործնախարար է վարել Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները։ Հետևաբար տիրապետում է ողջ գործընթացին և կարող է բանավեճի միջոցով ցույց տալ, որ Փաշինյանը խաբում է ժողովրդին, երբ ասում է, թե 1994 թվականից հետո Արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Լավատեղյակ եմ և ես կարող եմ հակադրվել Փաշինյանին և ցույց տալ մեր ժողովրդին, որ նա ստում է, նա խաբում է, և այդ բոլորը նա անում է իսկապես իր մեղքերը քավելու և սխալները արդարացնելու համար։ Ուստի ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ իրոք եթե դու հավատում ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր ժողովրդի առաջ, մեր հանրության առաջ, քո աչքին նայելով, ժողովրդի աչքին նայելով քեզ համոզեմ և ապացուցեմ, որ դու սխալ ես», - երեկ ուշ երեկոյան հայտարարեց Օսկանյանը:
Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Փաշինյանը կընդունի Վարդան Օսկանյանի մարտահրավերը և կհամաձայնի նրա հետ ուղիղ եթերում բանավիճել:
Այս հարցն այսօր «Ազատություն»-ը հղել է վարչապետի խոսնակին։ Մինչ վարչապետի պատասխանը, հարցին այսօր անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Կա համարժեքության, նաև կարգավիճակների համապատասխանության հարց, և կարծում եմ, որ էդքանով հասկանալի է, թե ինչի էր ակնկալիքը հենց այդպիսին, որպեսզի նախկին նախագահները գան և իրենք իրենց դեմքով հրապարակային բանավեճի միջոցով, այն փաստարկները, որը իրենք ներկայացնում են տարբեր մարդկանց միջոցով, պատգամավորների միջոցով, իրենց ներկայացուցիչների միջոցով, ի վերջո գան և ուղիղ իրենք խոսեն դրա մասին», - նշել է Կոնջորյանը:
Ի դեպ, Փաշինյանի հետ բանավիճելու՝ նախկին երեք նախագահների մերժումներից հետո տարբեր հանրային գործիչներ վարչապետին կոչ են անում պարզապես հրապարակել Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բոլոր տարբերակներն ու փաստաթղթերը:
Արդյո՞ք վարչապետը պատրաստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող տարբերակներն ու պաշտոնական փաստաթղթերը, որպեսզի հանրությունն առանց քաղաքական շահարկումների կոնկրետ փաստերին ծանոթանալու միջոցով ինքը հետևություններ անի։ Այս հարցը նույնպես ուղղել ենք վարչապետին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ստախոս», «բանակցային գործընթացը ձախողած կառավարիչ». նախկին նախագահները մերժեցին ՓաշինյանինՆախկին նախագահների թիմերը շարունակում են պնդել՝ Փաշինյանն է կործանել Արցախը. վարչապետը նրանց բանավեճի է հրավիրում