Մատչելիության հղումներ

«Ստախոս», «բանակցային գործընթացը ձախողած կառավարիչ». նախկին նախագահները մերժեցին Փաշինյանին


Հայաստանի երեք նախկին նախագահները մերժեցին Ղարաբաղի հարցով բանավեճի վարչապետի հրավերը՝ Նիկոլ Փաշինյանին անվանելով «ստախոս», «տիկտոկյան կոմիկ պերսոնաժ» և «բանակցային գործընթացը ձախողած կառավարիչ»։

Տեր-Պետրոսյան - Քոչարյան - Սարգսյան - Փաշինյան քառակողմ հեռակա բանավեճը սկսվեց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ վարչապետի երեկ վաղ առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմամբ։

«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար», - գրել էր վարչապետը:

Ամբողջ օրվա ընթացքում քաղաքական տարբեր թևերից հնչած հակադարձումներից հետո, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան արդեն նախկին նախագահներին հորդորեց չթաքնվել իրենց ներկայացուցիչների ետևում, ինչպես ինքը չի թաքնվում, ու առաջարկեց ուղիղ եթերում բանավիճել:

Նախկին նախագահների գրասենյակները մեկը մյուսի ետևից շտապեցին արձագանքել։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն, օրինակ, Փաշինյանին առաջարկեց բանավիճել ինքն իր հետ։

«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով», - Ֆեյսբուքում գրեց Մուսինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նախ վստահեցրեց՝ «Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները»։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով բանավեճին, ապա Քոչարյանի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ դրա համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ։

«Այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի», - հայտարարեց Միկոյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս «ակնհայտ իրողությունների շուրջ» Փաշինյանի հետ բանավիճելն անիմաստ է համարում՝ պնդելով, որ Փաշինյանն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար. - «Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»:

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին»

Մերժումներից հետո, սակայն, վարչապետ Փաշինյանը չհանձնվեց, մինչև երեկ ուշ երեկոյան նա շարունակում էր համոզել նախկին նախագահներին ընդունել բանավեճի իր առաջարկը.

«Բանավեճը, որը առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պետք է ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել Երրորդհ Հանրապետության պատմության ողջ ընթացքում, ով է մեղավոր, ինչում է մեղավոր, և ով ինչում է մեղավոր:

[...]

Ես ընտրում են ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու և խոսելու։ Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես կօգնեմ ժողովրդին այդ հետևությունները անելու գործում»:

Բանավեճի թեման Փաշինյանն այսօր էլ շարունակեց։ Մի փոքր արդեն կոշտացնելով շեշտադրումները՝ նա նախկին նախագահներին առաջարկեց կա՛մ ժողովրդի աչքի առաջ փաստարկներով բանավիճել, կա՛մ թողնել քաղաքական դաշտը։

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք», - Ֆեյսբուքում գրեց վարչապետը:

«Դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին»

Ինչո՞ւ տարեվերջին Փաշինյանը որոշեց անդրադառնալ ղարաբաղյան խնդրին՝ այն դեպքում, երբ Ղարաբաղը ճանաչել է իբրև Ադրբեջանի անբաժանելի մաս, Արցախում այլևս հայ չի մնացել, և վերադարձի հնարավորությունների մասին էլ որևէ քննարկում չկա։

Նախկին նախագահների քաղաքական ուժերի ներկայացուցիչների համոզմամբ՝ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ ձերբազատվել Արցախը հանձնողի պիտակից։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից, խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր այդ դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն Ղարաբաղի հարցը փակված չէ, այլև «այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին»:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, որ «նախկին նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի մանյակալ համառության պատճառը մեկն է՝ նա փորձում է իր վրայից մաքրել Արցախյան աղետի համար անձնական մեղավորությունը»։ «Ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է «նյարդայնանալ», - գրել է Զուրաբյանը։

Իշխանականները նախկին նախագահներին մեղադրում են բանավեճից փախչելու մեջ

Իշխանականները, մինդեռ, ֆեյսբուքյան իրենց էջերում նախկին նախագահներին մեղադրում են բանավեճից փախչելու մեջ։ «Բա հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդին հիմարի տեղ են դրել՝ գնացել ու բանակցել են մի բան, իսկ ժողովրդին ներկայացրել են 180 աստիճանով տարբեր բան», - գրել է Փաշինյանի ղեկավարած կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

«Սա է իրականությունը»

Վարչապետն էլ օրվա վերջին Ֆեյսբուքում նախ գրեց՝ «Սիրելի ժողովուրդ, ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից», ապա ժամեր անց՝ հետևյալը.

«Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:

Մենք սա չենք արել և ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:

Սա է իրականությունը, ժողովուրդ ջան:

Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը և համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով և ըստ պատեհության էլի կխոսեմ:

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG