ՆԱՏO - ի գագաթնաժողովից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության հասնելու ուղիները քննարկելու:
«Օրվա լավ լուրը. նա պատրաստվում է լուծել այս խնդիրը», - հանդիպումից հետո գրել է Օրբանը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Թրամփի հետ լուսանկար, որտեղ երկուսն էլ գոհ ժպտում են տեսախցիկների առաջ։
Հանրապետական Թրամփի առանձնատուն ժամանելուց առաջ Օրբանը մեկնել էր Կիև, ապա՝ Մոսկվա, հետո էլ՝ Պեկին։ Բրյուսելը այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկու և Պուտինի հետ հանդիպումներից հետո Օրբանը նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը«Շնորհակալություն, Վիկտոր, - գրել է Թրամփն՝ ի պատասխան հավելելով,- խաղաղություն պիտի լինի և շուտ, չափից շատ մարդիկ են մահանում պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»։
Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում կարող է 24 ժամում կանգնեցնել արդեն ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմը։ Թե ինչպես՝ մինչև այսօր չի հստակեցրել։
Անցած ամիս տված հարցազրույցներից մեկում Թրամփը պնդել էր, թե պատերազմը սկսվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրության պատճառով, և հիմա շատերն են մտահոգ, որ նրա հաղթանակի դեպքում Վաշինգտոնը կարող է խոչընդոտել Կիևի անդամակցությանը։ Ավելին, ամերիկյան մամուլը, հղում անելով նրան մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, թե Թրամփը կարող է կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե նախագահ Զելենսկին հրաժարվի բանակցել Ռուսաստանի հետ։
Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահին
Քննարկվե՞լ են արդյոք այս հարցերը երեկ Օրբան-Թրամփ հանդիպմանը՝ չի հաղորդվում։ Հայտնի է, որ նրանց հանդիպմանը զուգահեռ ԱՄՆ նախագահ Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահին։ «Մենք կշարունակենք մնալ Ձեր կwղքին, և վերջ», - ասել է Բայդենը բանակցությունների մեկնարկին։
«Այսօր ես հպարտ եմ հայտարարել Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցության նոր փաթեթ տրամադրելու մասին, սա արդեն ութերորդն է, որ ես ստորագրում եմ։ Եվ մենք կաշխատենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ երաշխավորելու, որ Ուկրաինական զինուժը F16-եր կիրառի այս ամռանը։ Մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ կանգնած ենք Ուկրաինայի կողքին: Այժմ և ապագայում», - նշել է ԱՄՆ նախագահը։
ՆԱՏՕ - ի երեկվա գագաթնաժողովի հռչակագրում դաշնակիցները կրկին նշել են, որ Ուկրաինայի ապագան տեսնում են Հյուսիսատլանտյան դաշինքում: Կոնկրետ ժամկետներ չեն ամրագրել, սակայն ողջունել են Ուկրաինայի բարեփոխումները, եվրոատլանտյան ճանապարհը համարել անշրջելի։
«ՆԱՏՕ-ի անդամները նաև 40 միլիարդ դոլարանոց օգնության նոր փաթեթ են հաստատել, որը կտրամարդվի հաջորդ տարի, - հայտարարել է դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը և նշել, - այս ամենը ՆԱՏՕ-ին անդամակցելու կամուրջ է Ուկրաինայի համար, և շատ հզոր օգնություն։ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, ես ողջունում եմ ձեր բարեփոխումները, և քանի դեռ դուք շարունակում եք այդ կարևոր աշխատանքը, մենք կաջակցենք ձեզ՝ դեպի դաշինք տանող անշրջելի ճանապարհին»։
«Չինաստանը պետք է ընտրություն կատարի». Օ՛Բրայեն
Ռուսաստանն արդեն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ծրագրերը շարունակում է համարել իր համար գոյութենական սպառնալիք, և դրանց կտա համարժեք պատասխան։ Սրան զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ֆոնին Ռուսաստանի դաշնակից Բելառուսն ու Չինաստանն են համատեղ զորավարժություններ սկսել։ 11-oրյա վարժանքներն անցնում են Բելառուսի տարածքում՝ Բրեստում՝ Լեհաստանի հետ սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսն ու Չինաստանը համատեղ ռազմական վարժանքներ են սկսել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանային շրջանում«Սա երկու երկրների միջև առաջին նման փորձառությունն է, որի նպատակն է ակնհայտորեն ուղերձ հղել ՆԱՏՕ-ին», - ասում են փորձագետները։
Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը առավել կտրուկ է արտահայտվել: «Չինաստանը պետք է ընտրություն կատարի»,-ասել է նա «Ազատությանը» տված հարցազրույցում։
«Չինաստանն ընտրություն ունի անելու. Չինաստանը ասում է, թե կարող է լինել Եվրոպայի տնտեսական գործընկերը, իսկ հետո պնդում, որ չեզոք է մնացած աշխարհի հետ հարաբերություններում, փոխարենը հիմա գլխավոր դերակատարն է: Եվ դա է պատճառը, որ Ռուսաստանը շարունակում է այս պատերազմը, որը սպառնում է Ռուսաստանին: Ուստի այժմ Չինաստանը պետք է ընտրություն կատարի», - հայտարարել է Օ՛Բրայենը։
Երեկվա գագաթնաժողովում Ուկրաինայի պատվիրակությունը նաև փորձում էր համոզել դաշնակիցներին հանել արգելանքը և թույլ տալ, որ Կիևը սեփական հայեցողությամբ կիրառի մատակարարվող զենքը՝ թիրախավորելով ցանկացած տարածք Ռուսաստանի ներսում։ Այս հարցում զգալի առաջընթաց դեռ չկա, սակայն, նախագահ Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները դրական էին, և ինքը լիահույս է, որ շուտով բեկում կլինի նաև այդ ուղղությամբ։