Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին ձերբակալված Ռուսաստանի 25-ամյա քաղաքացի Իվան Չ-ն ազատ է արձակվել, «Ազատության»-ը հայնեց իրավապաշտպան Անի Չատինյանը:
«Երեկ ժամը 9-ի սահմաններում իմացել ենք, որ ազատ է արձակվել, մեր փաստաբանը գնացել է վարույթն իրականացնող մարմին, որ ներգրավվելու հարցը լուծվի, ասել են, որ ազատ է արձակվել: Թե ինչ հիմքով, այս պահին չեմ կարող ասել, իր հետ կապ հաստատել չի հաջողվել», - մանրամասնեց իրավապաշտպանը:
Նա հուլիսի 15-ի գիշերը բերման էր ենթարկվել Երևանի օդանավակայանում, որտեղ ժամանել էր Ղազախստանի Ակտաու քաղաքից: Իվանը, որի ազգանվան միայն առաջին տառն է նշվում, Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր անցյալ տարվա ապրիլից՝ զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով, խափանման միջոցը կալանքն էր:
Հայաստանի ոստիկանությունը երեկ հայնտնել էր՝ ձերբակալման մասին տեղեկացրել են հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ռուսաստանի քաղաքացու բաց թողնելու հարցով ոստիկանությունը լրացուցիչ մեկնաբանություն չի տալիս: Գլխավոր դատախազությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ զորամասը լքելու համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց»-ում