Մատչելիության հղումներ

ՌԴ զորամասը լքելու համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց»-ում


«Զվարթնոց» օդանավակայան, արխիվ
«Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ռուսաստանի 25-ամյա քաղաքացի, նա այժմ ձերբակալվածների պահման վայրում է։

«Ձերբակալվել և տարվել է ձերբակալվածներին պահելու վայր, արդեն իսկ մտահոգիչ է, որովհետև մինչ հիմա քաղաքականությունը, պրակտիկան այլ է եղել, իսկ այսօր արդեն ունեցած տեղեկատվության համաձայն, որ ձերբակալվել է քաղաքացին, սա արդեն մտահոգության տեղիք է տալիս», - ասաց իրավապաշտպան Անի Չատինյանը:

Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ այժմ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան փորձում է ներգրավվել գործում ու պաշտպանություն առաջարկել Ռուսաստանի քաղաքացուն։ Իվանը, ում ազգանունը չեն հայտնում, ձերբակալվել է երեկ ժամը 1-ին Ղազախստանի Ակտաու քաղաքից Երևան չվերթից հետո, նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր անցյալ տարվա ապրիլից զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով։

Հայաստանում՝ ձերբակալված նրան կարող են պահել 72 ժամ, որը կլրանա վաղը, դրանից հետո նա կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ կալանավորվի։

«Էդ նշանակում է, որ եթե 72 ժամվա ընթացքում տղամարդն ազատ չարձակվի, դատարանում արդեն պետք է քննարկվի հանձնման նպատակով կալանքի հարցը: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց եթե գա այդ պահը, որ արդեն գնում ենք դատարան նման միջնորդությամբ, սա արդեն ուղղակի վտանգ է, որ Ռուսաստանը կուղարկի հանձնման մասին միջնորդություն», - նշեց Անի Չատինյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան մոտ 130 օտարերկրյա քաղաքացիների է իրավական աջակցություն ցույց տալիս, նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ, մեծ մասը այնպիսի հոդվածներով, որոնք մի շարք ռուսաստանյան ու հայաստանյան իրավապաշտպանները համարում են քաղաքական հետապնդում։

Չատինյանի խոսքով՝ մինչ օրս համենայն դեպս դեպքեր չեն եղել, երբ այդ հոդվածներով հետախուզվող քաղաքացի Հայաստանում կալանավորվել, ապա արտահանձնվել է Ռուսաստանին, բացառություն է ծառայության վայրը լքած Դմիտրի Սեդրակովը, նրան, սակայն, Հայաստանում ոչ թե տեղացի իրավապահներն էին ձերբակալել, այլ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ոստիկանները ու տեղափոխել ռուսական բանտ։

«Ռուսաստանն անընդհատ վերջին երկու տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկում իր Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքն ու անդադար նմանատիպ հոդվածներով պատիժները և ընթացակարգերը ավելի են խստացվում», - ընդգծեց իրավապաշտպանը:

3 օր առաջ Հայաստանում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի, Մոսկվայից ուսուցչուհի Նատալյա Տարանուշենկոն, որը Երևանից փորձում էր օդանավ նստել 3-րդ երկիր մեկնելու համար։ Նա Ռուսաստանի կողմից հետախուզվում էր «սուտ տեղեկություններ տարածելու» կամ ավելի հայտնի՝ ֆեյքերի հոդվածով։

Ինքը՝ Տարանուշենկոն հարցազրույց տալ չցանկացավ, բայց ըստ ռուսական աղբյուրների, 65-ամյա ուսուցչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ դասի ժամանակ պատերազմի մասին խոսելիս նա երեխաներին պատմել է նաև Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին։ Գործի հարուցումից հետո կինը ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանից։

«Արձանագրվել է այն փաստը, որ կինն ունի հետախուզում Ռուսաստանի Դաշնությունում և հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում, այնուհետև Հայաստանի Հանրապետությունը տեսնելով, որ չկան հիմքեր կնոջը ձերբակալելու, ուղղակի ձերբակալությունից ազատ է արձակել: Կինը որևէ քրեական գործով Հայաստանի Հանրապետությունում չի անցնում, համենայն դեպս մեր տեղեկություններով այդպես է», - ասաց Չատինյանը:

Ձերբակալված չէ, քրեական գործով չի անցնում, բայց չի էլ կարող հեռանալ Հայաստանից քանի դեռ սահմանապահ ծառայության էլեկտրոնային համակարգում նա հետախուզվող անձ է, բացատրում է Չատինյանը։

«Մեր կազմակերպության իրավական աջակցությունը կնոջը նաև այս ուղղությամբ պետք է լինի, որպեսզի հասնենք նրան, որ հնարավորություն ընձեռնվի բացել սահմանափակումը սահմանը հատելու», - ասաց իրավապաշտպանը:

Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցած փոխօգնության մասին պայմանագրերով պարտավոր է այստեղ լինելու դեպքում հայտնաբերել Ռուսաստանում հետախուզվող քաղաքացիներին, իրավապաշտպաններն այժմ փորձում են դատական համակարգի մի քանի ատյաններով անցնելուց հետո այս թեման վիճարկել Սահմանադրական դատարանում, պնդում են, որ Հայաստանը չի կարող աջակցել որևէ երկրի մարդու իրավունքների խախտման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG