Զուրաբիշվիլին կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել «Վրացական երազանք»-ի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, 29-ը հոկտեմբերի, 2024թ.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու «գողացված ընտրությունների» արդյունքները։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի հավակնություններ ունեցող, ԵՄ թեկնածու երկիրը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»։

Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները ավելի վաղ պնդել են, որ մոտ 300 հազար ձայն կեղծվել է «Վրացական երազանք»-ի օգտին, որը ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը:

«Եթե ճնշում չկիրառվի, դա կնշանակի, որ Արևմուտքը չի արել բավարար ամեն ինչ՝ փորձելով Վրաստանը պահել արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարով», - շեշտել է Վրաստանի նախագահը։

Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են «անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ»:

  • Պաշտոնական տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, 4 ընդդիմադիր ուժ է անցել խորհրդարան, որոնք, ինչպես նաև նախագահ Զուրաբիշվիլին չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
  • 150-հոգանոց նոր գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը 89 տեղ կունենա, ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների դաշինք»-ը՝ 19, նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ ևս 16 մանդատ։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ևս երկու ուժեր՝ մեծահարուստ Մամուկա Խազարաձեի «Հզոր Վրաստան» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունները՝ համապատասխանաբար 14 և 12 մանդատներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն անհանգստություն է հայտնել Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ