Զորացրված զինծառայողը տուն վերադարձի ճանապարհին զոհվել է՝ ավտովթարի հետևանքով. հարուցվել է քրգործ

Երկու 2 տարվա ծառայությունն ավարտելուց հետո 20-ամյա զինծառայողն այսօր տուն վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է:

Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայք գյուղի հատվածում: Տաքսին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը, 34-ամյա վարորդը նույնպես տեղում մահացել է: 20 և 21-ամյա մյուս 5 տուժածները, մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ:

Քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով:

Ըստ Քննչականի՝ նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսիով ուղևորվելիս են եղել դեպի Երևան։

Լուսանկարը՝ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ Պաշտպանության նախարարությունը զորացրման կարգում պետք է փոփոխություններ մտցնի, ինչպես որ հատուկ կարգով զինվորներին տանում են բանակ, այնպես էլ պետք է վերադրաձնեն:

«Ճիշտ է՝ մի կողմից կասեն, որ անձինք արդեն չափահաս են, բայց նույնը զորակոչի ժամանակ է տեղի ունենում, անձինք չափահաս են, բայց միևնույն է՝ պաշտպանվում է նրանց անվտանգությունը: Որքան պետությունն ավելի ինստիտուցիոնալ և որքան ավելի մարդակենտրոն է մտածում՝ ինչպես պաշտպանել մարդուն ցանկացած պատահարից, պատահական դրսևորումից.... նույն զինվորականները դեռևս զինվորական հագուստով են, թեպետ զորացրված են, բայց հնարավոր է տարբեր տիպի թիրախ հանդիսանան, հատկապես սահմանամերձ գոտիներում, ուստի նրանց վերադարձն ընտանիք պետք է պաշտպանված լինի պետության կողմից», - ասաց Հովհաննիսյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ իրավապաշտպանի հետ, ասում է, զորակոչված երիտասարդը 2 տարի հետո բանակից դուրս է գալիս կոփված ու լիարժեք տղամարդ, որը պետք է կարողանա ինքնուրույն վերադառնալ տուն՝ ՊՆ-ի հատկացրած գումարով: Պնդեց՝ իրեն հայտնի չէ աշխարհում մի երկիր, որտեղ զինծառայողին ինչպես բանակ են տանում, այնպես էլ մինչև տան դուռն են հասցնում:

«Զորակոչի ընթացքում բանակն ընդունում է զորակոչիկներին և տեղաբաշխում է, պատասխանատու է, իր տրանսպորատային միջոցներով տանում հասցնում է զորամաս: Ծառայությունից զորացրվելուց հետո արդեն շատ ավելի կոփված, հասուն մարդ է: Բանակում նրանց հրաժեշտ են տալիս, շնորհակալություն են հայտնում ծառայության համար: Սա շատ զարհուրելի դժբախտ պատահար է, և ոչ մեկն ապահովագրված չի, նաև մեքենայի վարորդն էլ է մահացել: Բաց եթե դժբախտ պատահար չլիներ, որևէ խնդիր կա՞ր այս հարցի շուրջ: Զորացրված զինվորականը շատ ավելի հասուն տարիքում ինքը պետք է կարողանա իր ոտքով հասնի տուն: Էս դժբախտ պատահարը հիմա արդեն դարձնենք՝ ուղեկցել, ուղեկցելուց հետո չգիտեմ և այլն, այդպես չի», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տեղեկություն չգտանք այն մասին, թե զինվորն ինչպես պետք է զորամասից հասնի տուն, ինչ կարգ է գործում: Նշված է միայն, թե ինչպես է կազմակերպվում զինվորի ծառայության սկիզբն ու ավարտը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ տարեսկզբից մինչև հիմա բանակում գրանցվել է զինվորների մահվան 20 դեպք, նրանցից միայն 4-ը զոհվել են հակառակորդի կրակոցից, 16-ը՝ խաղաղ պայմաններում։ Իրավապաշտպան կազմակերպությունն այս տվյալները հավաքարգում է օգտվելով լրատվամիջոցների և պաշտոնական աղբյուրների հրապարակած տեղեկություններից։ Դեռ հայտնի չէ, այսօր մահացած զինծառայողի դեպքը կդասվի այս ցանկում, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ նա այսօր արդեն ավարտել էր ծառայությունը: