Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։
Քրեական վարույթի շրջանակներում, ըստ Քննչականի, փաստական տվյալներ են ստացվել, որ պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ը, տարբեր օրերի, խախտելով կանոնագրքային մի շարք կանոններ, «անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել»։
«Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել», - նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության հասցնելու 6 դեպք է գրանցվել վերջին 8 ամսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին երեք տարում ԶՈւ-ում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում է գրանցվում. իրավապաշտպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ