«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առանց բացատրության վայր է դնում պատգամավորական մանդատը՝ միայն պնդելով, թե դա հենց իր նախաձեռնությունն է:
Կառավարության անդամների պաշտոնանկություններից հետո մինչդեռ մամուլը գրում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին է հորդորել մանդատից հրաժարվել:
ՔՊ-ական Զեյնալյանը հրաժարականի կարճ տեքստում ներկայացրել է առողջապահության հանձնաժողովում կատարած աշխատանքը, բայց չի հստակեցրել՝ ի վերջո վարչապե՞տն է իրեն հորդորել հեռանալ և որն է պատճառը։ Այս տեքստը գրելուց մի քանի ժամ առաջ իր պաշտոնանկության մասին հարցին լռությամբ էր արձագանքում։
Իսկ Հովիկ Աղազարյանը, որն այս օրերին պնդում էր, թե մանդատից հրաժարվելու միտք չունի, բացի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից և կուսակցությունում քննվող վարույթից, նաև իրավապահների ուշադրության կենտրոնում է: Պատգամավորն այսօր հաստատեց՝ մանր եղջերավորների արտահանման գործով երեկ երեկոյան որպես վկա հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերես հարցաքննության:
Ըստ մամուլի՝ ՔՊ-ական պատգամավորի դեմ ցուցմունք տված անձինք առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է պահանջել իրենցից՝ արտահանումը կազմակերպելու համար։ «Ազատության» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը, հղում անելով նախաքննությանը, հրաժարվեց մանրամասներ հայտնել:
Հնարավո՞ր է՝ քրեական գործով փորձում են իրեն ճնշել, որպեսզի վայր դնի մանդատը, պատգամավորը հակադարձեց՝ չկա այդպիսի բան: Ինքն էլ, ի տարբերություն Զեյնալյանի, ասաց՝ կսպասի կուսակցության վարչության որոշմանը:
ՔՊ-ականներ Նարեկ Զեյնալյանի և Հովիկ Աղազարյանի վերաբերյալ կուսակցության վարչությունում կարգապահական վարույթը մեկ ամիս առաջ է հարուցվել: Այն վերաբերում է խորհրդարանում հանցավորության թեմայով անցկացված լսումներին, որի ընթացքում պատգամավորներն ու Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավարը վիճել էին, վիրավորել ու մեղադրել իրար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում
Կուսակցության ղեկավար մարմնի հերթական նիստն այսօր է: Արդյոք Աղազարյանին և Զեյնալյանին առնչվող վարույթներով որոշումներ կկայացվեն, վարչության անդամներն օրվա ընթացքում հրաժարվեցին ասել։ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն առանց հստակ ժամկետի երեկ հայտարարել էր՝ շուտով վերջնական որոշում կլինի:
Ինչո՞ւ Նարեկ Զեյնալյանը չսպասեց կուսակցության վարչության որոշմանը պարզ չէ, պատգամավորը զանգերին չի պատասխանում: