Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություն են իրականացնում Կուրսկի շրջանում։
Ուկրաինայի նախագահ հայտարարել է, որ անցկացրել է շտաբի նիստ, որում լսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը ճակատում տիրող իրավիճակի և Կուրսկի շրջանում գործողության վերաբերյալ։
«Մենք երախտապարտ ենք բոլոր զինվորներին և հրամանատարներին իրենց տոկունության և վճռական գործողությունների համար։ Հանձնարարել եմ ՆԳ նախարարին, այլ պաշտոնյաներին մարդասիրական ծրագիր պատրաստել այն տարածքի համար, որտեղ կանցկացվի գործողությունը», - գրել է նա սոցցանցերում՝ հավելելով, որ ուկրաինացի զինվորականները ներկայումս վերահսկում են Կուրսկի շրջանի մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածք։
Զելենսկին նաև ասել է, որ հանձնարարել է ՊՆ-ին և դիվանագետներին ներկայացնել անհրաժեշտ գործողությունների ցուցակը՝ դաշնակիցներից Ուկրաինայի տարածքը պաշտպանելու համար հեռահար զենք օգտագործելու թույլտվություն ստանալու համար։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կոչ է արել վերացնել Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին դատապարտել է Մոսկվայի վերջին հարձակումը Կիևի վրա, դիմել Արևմուտքին