Կիևը դաշնակիցներին խնդրում է թույլ տալ չեզոքացնել Ռուսաստանում գտնվող այն թիրախները, որտեղից հարվածներ են հասցնում ուկրաինական բնակավայրերին և կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
«Այս աշնանն է որոշվելու, թե ինչ շարունակություն է ունենալու պատերազմը: Մեր գործընկերների հետ միասին մենք կարող ենք ամրապնդել մեր դիրքերը այնքան, որքան անհրաժեշտ է մեր ընդհանուր և իսկապես արդար հաղթանակի համար», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Մինչև Նյու Յորք ժամանելը նա կանգ էր առել նախագահ Ջո Բայդենի հայրենի Սքրանթոն քաղաքում Փենսիլվանիա նահանգում, որտեղ այցելել է զինամթերքի գործարան։ Ամերիկյան այս գործարանն Ուկրաինայի բանակի համար արտադրում է 155-միլիմետրանոց հրետանային արկեր:
Զելենսկին, մինչդեռ, ամերիկյան իշխանություններին՝ մասնավորապես Սպիտակ տան ղեկավարին պետք է ներկայացնի Կիևի խաղաղության պլանը։
Բրիտանական Times-ը որոշ մանրամասներ է ներկայացրել փաստաթղթի բովանդակության մասին․ ըստ լրատվամիջոցի, այն բաղկացած է չորս կետից՝ փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, Կուրսկի մարզում ռազմական օպերացիայի շարունակություն, նոր սպառազինություն և միջազգային ֆինանսական աջակցություն Ուկրաինայի ավերված տնտեսությանը:
Խաղաղության պլանի այս և մյուս մանրամասները Զելենսկին խոստացել է հրապարակել առաջիկա օրերին՝ այն Միացյալ Նահանգների գործող նախագահին և նախագահի թեկնածուներին ներկայացնելուց հետո:
Times-ի տվյալներով` Ուկրաինայի առաջնորդը մտադիր է Սպիտակ տան հեռացող ղեկավարից «անվտանգության երաշխիքներ» ստանալ, որոնք թույլ կտան Կիևին չգնալ պարտադրված զիջումների՝ անբարենպաստ համաձայնագրի ստորագրման, հատկապես եթե ընտրություններում հաղթի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։
Արևմտյան մամուլը ենթադրում է, որ նախագահ Զելենսկու ամերիկյան բանակցությունների օրակարգում է նաև արևմտյան զենքերի անսահմանափակ կիրառման թույլտվության պահանջը: Պաշտոնական Վաշինգտոնը հրապարակավ չի հայտարարել սահմանափակումները թուլացնելու համաձայնության մասին, ըստ մի շարք լրատվամիջոցների՝ հնարավոր է Կիևը ստանա նման թույլտվություն, բայց առանց հրապարակային հայտարարությունների:
Մինչ այդ, ուկրաինական բանակը փորձում է ռուսական թիրախները խոցել անօդաչու թռչող սարքերով։ Կիրակի օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է զինամթերքի ևս երկու պահեստի ոչնչացման մասին՝ Տվերի և Կրասնոդարի մարզերում։
«Ազատության» "Настоящее время" հեռուստանախագծի հետ զրույցում ռազմական լրագրող Պավել Աքսյոնովը պնդել է, թե նույնիսկ դրոնների հարվածներն արդեն շոշափելի խնդիրներ են առաջացրել ռուսական բանակի համար:
«Քանի որ դրանք մեծ պահեստներ են, նույնիսկ եթե այնտեղ պահեստավորված զենքի միայն մի մասն է ոչնչացվել, ռուսական բանակին լուրջ վնաս է հասցվել։ Իհարկե, ռուսները մեծ քանակի զինամթերք ունեն, սակայն ցանկացած նման մեծ հարված խնդիրներ է ստեղծում առաջնագծում, քանի որ նոր մատակարարումներ կազմակերպելու համար ժամանակ է պետք։ Ամեն դեպքում, ռուսները բավականաչափ զենք ունեն ինտենսիվ գրոհների համար», - ասել է Աքսյոնովը:
Չնայած նյութական կորուստներին՝ ռուսական բանակը շարունակում է ակտիվ գրոհները Խարկովի և Կուպյանսկի ուղղություններով, պաշտոնական Կիևը հայտնում է, որ կատաղի մարտեր են Պոկրովսկի մերձակայքում, ռուսական ուժերն այստեղ ավելի քան երեք տասնյակ հարձակում են իրականացրել՝ բախվելով ուկրաինական ուժերի կոշտ դիմադրությանը։
Ռուսաստանի տարածքում ևս ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինական կողմը հայտարարում է նոր ուղղությամբ գրոհների մասին։ Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ՝ ուկրաինական ներխուԺման հետևանքով Կուրսկի մարզում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, 300-ն էլ` վիրավորվել։ Ուկրաինական հարձակման պատճառով Ռուսաստանի իշխանությունները տարհանել էին շուրջ 130 հազար բնակչի։
Ուկրաինական կողմն այս տվյալները չի մեկնաբանել, միայն շեշտել է, որ ի տարբերություն ռուսների՝ խաղաղ բնակիչներին ուկրաինական բանակը չի թիրախավորում և հարվածում է բացառապես ռազմական թիրախներին:
Թե որ հատվածում, որտեղ են այս պահին մարտերը Կուրսկի մարզում, ճշգրիտ տվյալներ չկան։ Հստակ է միայն, որ ուկարինական բանակը, չնայած Դոնեցկի ճակատում լարվածությանը, մեկուկես ամիս առաջ ներխուժել է Ռուսաստանի տարածք, և մինչ օրս ռուսներին չի հաջողվել հետ գրավել ուկրաինացիների վերահսկողության տակ անցած տարածքը: